Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը եւ ծրագիրը»

Փետրվար 14,2014 22:27

Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, որում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշեց.

«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի  հարց չկա: «Հանրապետականը» չի առաջնորդվում ոչ իշխանական ուժերի օրակարգով: Մենք մեր սեփական օրակարգն ունենք, որի հիմքում նախագահի նախընտրական ծրագիրն է, կառավարության ծրագիրը, բարեփոխումների շարունակականությունն է, որպեսզի մենք կարողանանք լուծել այն բազմաթիվ հարցերը, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ: Երկրորդ, անկախ չորս հայտնի խմբակցությունների քաղաքական սիրավեպից, մենք ունենք մեր օրակարգը եւ ես չեմ կարծում, թե այդ քաղաքական սիրավեպը որեւէ լուրջ արդյունք է ունենալու, որովհետեւ՝ ա) ոչ իշխանական ուժերը շատ լավ հասկանում են, որ իրենք պառլամենտում փոքրամասնություն ունեն եւ դա շատ ավելի հիշեցնում է շոու կամ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Երկրորդ՝ քաղաքակիրթ աշխարհում, երբ դու անվստահության գործընթաց ես սկսում, պետք է հանրությանը բաց եւ հրապարակային ներկայացնես քո ստվերային կառավարության կազմը, քո ստվերային կառավարության ծրագիրը: Այդ չորս խմբակցություններից որեւէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, նախարարությունները, ծրագիրը, վարչապետին: Կարծում եմ՝  թեկուզ այս օրերի քննարկումները ցույց են տալիս, որ դրանք որեւէ լուրջ արդյունքի չեն կարող հանգեցնել: Եթե նույնիսկ նրանք որեւէ միասնության գան, մեզ դա չի անհանգստացնում, որովհետեւ առաջին անգամ չէ, որ ոչ իշխանական ուժերը քննադատում են կամ դեմ են քվեարկում իշխանության այս կամ այն նախաձեռնությանը, կոնկրետ՝ պետական բյուջեն կամ կառավարության ծրագիրը: Եվ անկախ նրանց ցանկությունից՝ կառավարությունը կփոխվի, թե չի փոխվի, դա որոշելու է իշխող կոալիցիան, իշխող  քաղաքական ուժը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Իհարկե ոչ մի քաղաքական ուժ հհկ/հկկ-ին չի կարող հաղթել, քանզի երկրի զուգարաննրը նույնիսկ հհկ-ական ենթակայություն ունեն….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728