Փետրվարի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Զինված ուժերի, պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան հասարակական, գիտական ոլորտի անվանի գործիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ ոգեկոչելով հայրենիքի սահմանների պաշտպանության անմահ հերոսների հիշատակը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ հայոց բանակի կազմավորման օրն Անկախ Հայաստանի զինվորի խրոխտության, հայրենասիրության և միասնության ուժը խորհրդանշող համազգային տոնն է: «Հպարտությամբ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն անցել է բանակաշինության մեծ ճանապարհ և այսօր ունի մարտունակ ու ժամանակի շնչով վերազինված բանակ, որը շարունակում է լինել մեր երկրի անվտանգ կյանքի երաշխավորը», – ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:
Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ և ՌԴ միջև ռազմական համագործակցության կարևորությանն ու առանցքային հարցերին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: Մոսկվայի թիվ 15 քաղաքային հիվանդանոցի Նյարդավիրաբուժական բաժնի վարիչ Ս.Սարիբեկյանը պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության՝ «Ռազմական համագործակցություն» մեդալով, իսկ ՌԴ Զինված ուժերի գնդապետ Ս.Պրիսյաժնին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ