Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու զոհով վթարի մեղավորը 5 տարով ազատազրկվեց

Փետրվար 14,2014 22:10

Նա նաեւ 2 տարով զրկվեց վարորդական իրավունքից

Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ  Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար,որ  նա  2013թ մայիսի 26-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում, դեպի  Վրաստանի սահմանի ուղղությամբ  ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս  թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության  անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի  23 հոդվածի 3-րդ մասի  պահանջներին հակասող գործողություններ, որի հետեւանքով ավտոբուսն ընկնելով սահքի մեջ եւ դառնալով անկառավարելի, դուրս է եկել հանդիպակաց  երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի բանուկ մասից  դեպի ձախ, ենթարկվել է վթարի, որի հետեւանքով  ուղեւորներ Ավետիք Թորոսյանը՝ տեղում, Լիանա Մկրտչյանը՝ հիվանդանոցում  մահացել են, Ռուդիկ Խաչատրյանը ստացել է  առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ Հրաչիկ Խաչատրյանը՝առողջության միջին ծանրության վնաս:

Նախկինում դատված, դատվածությունը մարված Կ. Կոջօղլյանին  մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի  242 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով(«Ճանապարհային երթեւեկության  եւ տրանսպորտային միջոցների  շահագործման կանոնները խախտելը»): Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց էր  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կ.  Կոջօղլյանը  պատշաճ կերպով տեղեկացված լինելով   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում  նշանակված նիստերի մասին,  դատարան չի ներկայացել: 2013թ.  նոյեմբերի 26-ին  դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալ Կ.  Կոջօղլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝  ստորագրություն չհեռանալու մասին,  փոխել եւ խափանման միջոցը ընտրել կալանավորումը: Կոջողլյանը կալանավորվել է, դատական նիստերը՝ վերսկսվել:

2013թ. փետրվարի 11-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է  Կ. Կոջօղլյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման, նրան նաեւ 2 տարի ժամկետով զրկելով վարորդական իրավունքից:   Կոջօղլյանից հօգուտ  տուժողների իրավահաջորդների կբռնագանձվի 1.5 միլիոն դրամ: Դատարանի վճռով տուժողներին հնարավորություն է տրվել վնասի փոխհատուցման համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728