Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը դատի է տվել Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին. 1in.am

Փետրվար 14,2014 21:00

1in.am. Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին բողոք է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին իր հասցեագրած դիմումի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրած դիմումի նկատմամբ դրսևորված անգործությունը վերացնելու պահանջով: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Գորիս քաղաքում 2013թ. հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրների սահմռկեցուցիչ գնդակահարությունից հետո ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով բազմիցս հայտարարել եմ, որ 1970-80-ական թվականներին կատարած հանցանքների համար քանիցս դատապարտված, ազատազրկված, 1972թ. միջնակարգ դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը ՀՀ բարձրագույն իշխանավորների հովանավորությամբ 1992 թվականից ձեռք բերած պետական պաշտոնեական դիրքի կոպտագույն չարաշահումների միջոցով իր ազգականների, մերձավորների և իրեն ենթակա պաշտոնյաների հետ կատարել է տարաբնույթ հանցանքներ, և որ նրա արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները դրսևորել են հանցավոր անգործություն: Խորը վրդովմունքի և համապատասխան իրավական գնահատականի է արժանի Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հեղինակած բազմաթիվ հանցանքների մասին հրապարակածս աղաղակող փաստերի նկատմամբ ՀՀ իրավապահ ողջ համակարգի շարունակվող անգործությունը:

2013թ. դեկտեմբերի 20-ին գրավոր դիմել եմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի ու նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը և վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ, ձերբակալել նրան, նրա հանցակիցներին ու նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առաջ: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կ. Մինասյանից 2014թ. հունվարի 12-ին ստացել եմ գրավոր պատասխան, որն ավարտվում է հետևյալ անհեթեթ ձևակերպմամբ. «Ներկայացված հրապարակումների մյուս մասում նկարագրված արարքներում կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործությունների փաստերը մատնանշող բավարար տվյալներ չեն նշվել, ուստի հիշյալ հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրանց հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»:

2014թ. հունվարի 20-ին գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում փաստարկված հիմնավորումներից հետո նշել եմ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը անտեսել է Սուրիկ Խաչատրյանի՝ 1994-2013թթ. պետական բարձր պաշտոնատար անձ լինելու իրողությունը, հրաժարվել է իմ դիմումը քննարկել և լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, այն ընդհանրապես չի դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել:

Հրապարակածս փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը դրսևորել է անգործություն: Դիմումում կարևորել եմ նաև, որ եթե անգամ ՀՀ ՀՔԾ գրությունը դիտարկենք որպես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ապա այն ակնհայտ ապօրինի է և անհիմն, քանի որ իմ հրապարակումներում հանգամանորեն ներկայացրել եմ պետական բարձր պաշտոնատար անձ Սուրիկ Խաչատրյանի և նրա հարկադրանքով՝ այլ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր, որոնց կատարման հանգամանքները, հանցանք կատարած անձանց շրջանակը, յուրաքանչյուրի դերակատարումը և այլ կարևորագույն հանգամանքներ պարզելու համար պետք է կատարվեր նախաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ իրականացնել օրենքի առաջ բոլորի հավասարության, կատարած հանցանքի համար պատժի անխուսափելիության մասին ՀՀ Սահմանադրության իմպերատիվ պահանջները, անհապաղ վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը, հրապարակածս փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, նախաքննություն կատարելու համար գործն ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ձերբակալել մեր ժամանակի արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանին, նրա բոլոր հանցակիցներին և նրանց վերջապես կանգնեցնել քրեական արժանի պատասխանատվության առաջ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա. Մ. Նադիրյանից 2014թ. փետրվարի 4-ին ստացել եմ հետևյալ գրավոր պատասխանը. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված և ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը վերահասցեագրված Ձեր 2014թ. հունվարի 24-ի դիմումին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված Ձեր 2013թ. դեկտեմբերի 20-ի դիմումի քննարկման արդյունքների մասին ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի գրությամբ Ձեզ տրվել է սպառիչ պատասխան, և հանգամանորեն պարզաբանվել են հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում չընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը չկայացնելու պատճառները»»:

Հարությունյանը բողոք-դիմումում մանրամասնորեն ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի և իր կողմնակիցների կողմից կատարված ավելի քան 60 հանցանքների փաստ-ապացույցներ, որոնց մասին հրապարակումներով հանդես է եկել բազմիցս:

Գորիսի նախկին քաղաքապետը զարմանքով նշում է. «Գուցե պարոն Կոստանյանը, Շահինյանը և մեր իրավապահ համակարգի մյուս ղեկավարները սպասում են, որ պետք է ներկայացնեմ նաև տխրահռչակ Լիսկայի կոշիկի համա՞րը, որ վերջապես քրգործ հարուցեն»:

«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հասցեագրածս դիմումում շեշտել եմ, որ Սուրիկ Խաչատրյանը միայն մոլիբդենով և պղնձով հարուստ Գեղիի հանքի շահագործման իրավունքի վաճառքի միջոցով Հայաստանի Հանրապետությունից հափշտակել է ավելին, քան գողացել, կողոպտել, յուրացրել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով դատապարտված և քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժները կրող բոլոր կալանավորները միասին:

Հանրահայտ է, որ Երևանի հումանիտար քոլեջի տնօրենը ավարտական մեկ կեղծ ատեստատ տալու համար այժմ կանգնած է քրեական պատասխանատվության առաջ և սպասում է դատավճռի: Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար դատապարտվել, ազատազրկվել են բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը սահմանում է` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) Հաղորդումն ըստ ենթակայության մասին»:

Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը իմ փաստարկված, հիմնավոր դիմումին դրական ընթացք տալու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով ղեկավարվելու, ՀՀ դատախազության մասին օրենքով իրեն վերապահված լիազորությունը կիրառելու, ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, մերձավորների, ենթակա պաշտոնյաների հանցագործությունների մասին հրապարակածս ճչացող փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու փոխարեն դիմումս հանիրավի վերահասցեագրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ում անգործությունը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին:

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728