Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը բարեկարգ ու արդյունավետ կառավարվող հիվանդանոցներ ունենալն է

Փետրվար 14,2014 18:50

Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։

Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ շահագործման հանձնվելուց ի վեր (1970թ. և 1980թ.) երբևէ կապիտալ նորոգման չեն ենթարկվել։

Դեռ 2006-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման համաձայն` Վաղարշապատի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունները ներքին օպտիմալացման են ենթարկվել։ 130-ով կրճատելով մահճակալների ընդհանուր թիվը` այն հասցվել է 100-ի։ Որոշվել է նաև համապատասխան ֆինանսական ներդրումների առկայության դեպքում ստացիոնար բոլոր ծառայությունները կենտրոնացնել մեկ մասնաշենքում, սակայն մինչև այժմ այն չի կատարվել։ «Չեմ կարող ասել, թե հիվանդանոցը շատ անմխիթար վիճակում է։ Ցավոք, մենք այսօր հիվանդանոցներ ունենք, որոնք ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում: Վաղարշապատի հիվանդանոցը ևս վերանորոգման ու բարեկարգման կարիք ունի: Հիվանդանոցը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և պետք է ձգտենք հնարավորինս արագ միջոցներ գտնել այն կարգի բերելու համար: Դրանից բացի, պետք է մտածել հիվանդանոցում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ»,-պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Դերենիկ Դումանյանը:

Վաղարշապատի ծննդատանը նախարարին տեղեկացրեցին, որ ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման արդյունքում 2013-ին իրենց մոտ 2012-ի համեմատ 176 ծնունդ ավելի է արձանագրվել (ընդհանուր թիվը կազմել է 748), ինչի շնորհիվ ծննդատանը որոշակիորեն բարելավվել են պայմանները։ Վաղարշապատի պոլիկլինիկան սեփական միջոցներով վերանորոգվել ու ժամանակակից տեսք է ստացել։ Պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Պատկերը նույնն էր պոլիկլինիկայի Զվարթնոցի բժշկական ամբուլատորիայում։

Բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում նախարար Դումանյանը հորդորեց աշխատել ավելի լավ ու բարեխիղճ` նշելով, որ հուլիսի 1-ից էականորեն կբարձրանա առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը։ 2010թ. արդիականացված Արմավիր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսեց նախարարության 2014-ի գերակա ուղղությունների ու առաջնահերթությունների մասին։ «Մեր առաջնահերթ խնդիրը բժշկական ծառայությունների որակի ապահովումն է։ Այդ ենթատեքստում նաև մարզերում կրթական ու վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք։ Արմավիրը միշտ էլ լավ մասնագետներ է ունեցել։ Սակայն ժամանակից ետ չմնալու համար լրացուցիչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ։ Մենք կփորձենք այն ապահովելու համար ճանապարհներ գտնել։ 2014-ը հայտարարել ենք առողջ ապրելակերպի տարի։ Մեր բժիշկներն անձնական օրինակով պիտի խրախուսենք ինչպես ծխելու և ալկոհոլային խմիչքների չարաշահման դեմ պայքարը, այնպես էլ առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Ծխող բժիշկը չի կարող վստահություն ներշնչել իր հիվանդին։ Վստահ եմ, տեղյակ եք, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված 40 միջոցառում ենք սկսել կատարել, որոնց միջոցով համակարգային շատ խնդիրներ կլուծվեն»,-ասաց նախարարը։

Դերենիկ Դումանյանն արմավիրցիներին նաև ծանոթացրեց համակարգում իրականացված ֆինանսական և ճյուղային այլ բարեփոխումներին, նախարարության կողմից նախաձեռնված ծրագրերին, պատասխանեց բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728