Pastinfo.am. 74- ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Սերյոժա Դավթյանը «Էրեբունի» թաղապետարանի դիմաց հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով ` գնացել են «Վարդավառի» զբոսայգի: Բայց օղի խմելուց հետո նրանց մեջ վեճ է ծագել: Ս. Դավթյանը դանակով հարվածել է Արսենին:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010 թ. հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ս. Դավթյանին մեղավոր ճանաչեց: Նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Սակայն, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքերով, Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան: իրավասության առաջին ատյանի դատարանի այս դատավճիռը չի բավարարում մեղադրող կողմին: Դատախազ Ս. Մկրտչյանը ներկայացնում է վերաքննիչ բողոք, որը բավարարվում է. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը վերացվում է և ուժի մեջ է թողնվում դատավճռով նշանակված պատիժը, որի համաձայն Ս. Դավթյանը 3 տարի ժամկետով պետք է ազատազրկվեր:
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ հանդես է գալիս ամբաստանյալ Ս. Դավթյանի պաշտպան Կ. Աղաջանյանը՝ ներկայացնելով վճռաբեկ բողոք: Տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը վճռաբեկ բողոքին ի պատասխան՝ հայտնում են, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի: Վճռաբեկ դատարանն ուշադրություն է դարձնում, որ առաջին ատյանի դատավճռի մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «…Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար»:
Վճռաբեկը նկատում է նաև, որ Ս. Դավթյանի գործով կայացված դատավճռում պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել: Իսկ ահա վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք հաշվի են առնվել առաջին ատյանի դատարանի կողմից, անիրական են և բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Ս. Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու»: Քննելով վճռաբեկ բողոքը՝ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը, որի 2-րդ մասի համաձայն՝ «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:
Որպես այդպիսիք վճռաբեկ ատյանը ընդգծում է առաջին ատյանի դատարանի կողմից առանձնացված մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ մեղադրյալի մեծահասակ լինելը, նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագիրը, մեղքը մասնակիորեն ընդունելը, արարքի նկատմամբ ունեցած զղջումը: Բացի այդ, դատարանն ուշադրություն է դարձրել Ա. Գևորգյանի կողմից հակաօրինական վարքագծին, որով էլ պայմանավորված է Ս. Դավթյանի կատարած արարքը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: