Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» հաղթեց դատական երեք ատյաններում

Փետրվար 14,2014 18:09

Մոսկվաբնակ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր դատարան՝ պահանջել էր պարտավորեցնել ճանաչված երգահան Հասմիկ Մանասերյանին եւ նրա որդուն՝ Աշոտ Հովնանյանին՝  «Առավոտ» օրաթերթի առաջին էջում հերքել Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված  վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող «փաստացի» տվյալները  եւ որպես փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 մլն դրամ՝ վիրավորանքի եւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ 500.000 դրամ՝ հասցրած զրպարտանքի համար, ինչպես նաեւ 120.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Ինչպես արդեն հայտնել ենք, թե՛ առաջին ատյանում, թե՛ վերաքննիչ դատարանում Սեդրակ Հովհաննիսյանը պարտվել էր եւ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Նա վիճարկել էր Հասմիկ Մանասերյանի ստեղծագործությունները, այն համարել իրենը, ինչի մասին բարձրաձայնել էր «Առավոտ» օրաթերթը՝ անցյալ տարվա նույն այս օրը, տպագրված «Հայցվորի ներկայացուցիչը Մանասերյանին գրագող անվանեց, իսկ երգահանը հայցվորին՝ խելքը գցած» վերնագրով հոդվածը»:

Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը  հայտնել էր վճռաբեկ դատարանին, որ վճռաբեկ բողոք բերող անձը աղավաղել է իրական փաստերը եւ փորձում է ստվեր գցել այն փաստի վրա, որ պատասխանողները՝ Հասմիկ Մանասերյանը, նրա որդին հայտարարություններն արել են ոչ թե դատարան  դիմելու փաստի առթիվ, այլ երաժշտական շրջանակներում եւ ժողովրդի կողմից մեծ սեր եւ հարգանք վայելող ստեղծագործողին՝ Հասմիկ Մանասերյանին հրապարակորեն գրագող անվանելուն ի պատասխան: Եվ «Առավոտում» տպագրված, պատասխանողների կողմից, հայցվորի կողմից արտահայտված կարծիքները ընդամենը համարժեք սուբյեկտիվ գնահատականներ են:

«Եթե Սեդրակ Հովհաննիսյանը գտնում է, որ Հասմիկ Մանասերյանին հրապարակայնորեն գրագող անվանելն իրավաչափ է, այն էլ այս պայմաններում, երբ նման պնդումը զուրկ է որեւէ փաստական հիմքից, ապա պատասխանողների կողմից ի պատասխան արված հայտարարությունը,  ավելի տեղին է եւ իրավաչափ»,- ասում է Ա. Բաղդասարյանը:

Ի դեպ, վճռաբեկ դատարանը հանգել էր նրան, որ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի հոդվածները փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով բողոքը վարույթ ընդունելու կապակցությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728