Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն այսօր դատաբժշկական փորձաքննություն է անցել` նախօրեին անհայտ անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքով:
Կարենի պատմելով, հարձակումը տեղի է ունեցել գիշերը ` 1:30-ի սահմաններում, ընկերոջ հետ pub-ից տուն վերադառնալու ժամանակ. «Մաշտոց-Պուշկին խաչմերուկում էր, չեմ էլ հասցրել տեսնել հարվածողին, հետեւիցս մոտեցավ եւ դեմքիս հարվածեց ու արագ փախավ: Մոտ 30 տարեկան, միջին կազմվածքի, սեւ հագուստով ու սեւ գլխարկով երիտասարդ էր»:
Նրա խոսքով, ինքը որեւէ մեկի հետ անձնական տարաձայնություններ կամ կոնֆլիկտներ չի ունեցել. «Սա ավելի շատ պայմանավորված էր իմ հասարակական, քաղաքացիական գործունեությամբ: Իմ ազատ խոսքի սահմանափակմանն էր ուղղված»:
Կարեն Հարությունյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանությունում, բայց հարձակվողի ինքնության բացահայտման հետ հույսեր չի կապում. «Քաղաքապետարանի դիմաց պայքարի ժամանակ հարձակումներ եղան, դրանցից ոչ մի դեպք չի բացահայտվել: Երկու դեպք է իբր բացահայտվել, բայց ակնհայտ կոծկված գործեր են, որովհետեւ ուրիշ մարդկանց են բերել, այդ մարդիկ էլ չգիտեին` ինչ ստեին, մեղադրում էին ակտիվիստներին, թե ակտիվիստներն են իրենց վրա հարձակվել: Freedom House-ի զեկույցում էլ է նշվում, որ այդ դեպքերը չեն բացահայտվել, եւ դա որպես թերություն է մատնանշվում: Ոչ բացահայտում են, ոչ էլ ուզում են բացահայտել, որովհետեւ ոստիկանությունը համագործակցության մեջ է նման դեպքերի հետ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ