Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին:
Մասնավորապես, Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչությունում Նախագահին ներկայացրել են կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգն ու դրա առավելությունները: Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության աշխատանքներին:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, որտեղ Նախագահին ներկայացրել են առցանց համակարգով պետական շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության գործընթացը և շինարարական մրցույթների կազմակերպման էլեկտրոնային համակարգը:
Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության նախարարը, նախարարի տեղակալները, Քաղաքաշինական պետական տեսչության պետը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին. ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Նախագահին ներկայացրել է 2012-2013թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: Ներկայացված աշխատանքների հետ միասին նախարարն իր զեկույցում կարևորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը միտված է նպաստելու կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ս. Թադևոսյանն առանձնացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները: Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել:
Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն իր զեկույցում ներկայացրել է քաղաքաշինական ծրագրավորման և տարածական պլանավորման խնդիրները, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները:
Նախարարի մեկ այլ տեղակալ Ալեքսան Կարապետյանը զեկուցել է հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ընթացքի և հետագա աշխատանքների մասին:
Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը զեկուցել է տեսչական ստուգումների արդյունքների և ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգի մասին:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Քաղաքաշինության նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:
Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականությանը:
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, Նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Հանրապետության Նախագահը անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը: «Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում՝ առաջ է իր բոլոր հարևաններից: Ըստ այդ զեկույցի, մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ: Որովհետև մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: Մամուլի ազատություն նաև նշանակում է, որ մարդկանց որոշակի խմբեր՝ ելնելով իրենց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, ցանկացած լավ գործ կարող են հանրությանը ներկայացնել որպես վատ: Ստացվում է, որ միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին: Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության ավարտին Քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզան Ադամյանը, աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահան Խաչատրյանը, աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ Սոնյա Մաթևոսյանը, աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լևոն Քոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Մամլո հաղորդագրություն