«Մաքսային միությունը անհեթեթություն է, 21-րդ դարի համար խելագարություն, երեք դիկտատորների մարմաջ, ցառանցանք»,-Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ Հայաստանը գնում է դեպի ստրկացում և որպես փաստ օրինակ բերում Մաքսային միության անդամակցումը:
Վստահեցնելով, որ Մաքսային միությունը ապագա չունի, պարոն Հայրիկյանը նշում է. «Մերոնք` կառավարությունը, ծրագրեր է մշակում, Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տալիս… խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի միություն է: Ռուսաստանը բացի նավթից ու գազից ոչինչ չունի, եթե ժամանակին Գերմանիային չի կարողացել հակադրվել, այսօր նրանք բոլորն իրար հետ են, ուստի Ռուսաստանն այսօր ուզում է պոչ խաղացնել: Ինչքան լավ է ԿԳԲ-ն բոլորին հավաքել մեկ կուսակցության մեջ, և դա կոչվում է ՀՀ կուսակցական համակարգ: Բոլորը ԿԳԲ-ին են ծառայում»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի դիտարկումները համոզիչ չհամարեց ու ասաց. «Այն, որ Պարույր Հայրիկյանը դեմ է Մաքսային միությանը միանալուն, ակնհայտ է: Բայց փորձը ցույց է տալիս, որ հիմնավորումները, որ փորձում է բերել, մեղմ ասած համոզիչ չեն: Այս պահին Մաքսային միությունը դեռ կայացող կառույց է, դինամիկայի մեջ է, իսկ թե ինչպիսի ճակատագրի կարժանանա, ժամանակը ցույց կտա: Այս պահին որևէ հիմքեր չկան պնդելու, որ այդ կառույցը չի կայանալու: Իսկ Ռուսաստանը որևէ մեկին դիմակայելու խնդիր չունի, ինքը տնտեսական բավարար մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության մեջ շատերն են հետաքրքրված»:
Նշենք, որ Պարուր Հայրիկյանն այսօր մանրամասնեց, թե ինչ է սպասվում փետրվարի 18-ի հանրահավաքին: Ըստ այդմ` 10.30-ից Ծիծեռնակաբերդից կմեկնարկի ավտոերթ դեպի Գառնի, իսկ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաք Ազատության հրապարակում, որը կավարտվի Միքայել Նալբանդյանի՝ ազատության երգչի արձանի մոտ: Հետո էլ տեղեկացրեց, որ իրենց եվրոպական ԱԻՄ-ականները յոթ օր է դրոշներ են ուղարկել, բայց դեռ դրանք տեղ չեն հասել: Ու գնահատելով փաստն՝ ասաց. «Երևի ԱԱԾ-ն հատուկ աշխատում է այդ ուղղությամբ , վտանգավոր մաքսանենգային ապրանք է երևի դրոշը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այս հարցում լրիվ համաձայն եմ Պ.Հայրիկյանի հետ:
Ռուսաստանը ոչ մի պոտենցիալ էլ չունի:Շուտով Արևմուտքը անցնելու է Իրանական էժան նավթին/գազին ու Ռուսաստանը նորից փլուզվելու է: Ռուսաստանի տնտեսական համակարգը օլիգարխային-կլանային է,որը նշանակում է,որ այն ապագա չունի: