Թիվ 78 դպրոցի, որը առավել հայտնի է «փոսի դպրոց» անունով, 9-րդ «գ» դասարանի աշակերտներից մեկը, որի անունը չենք հրապարակում, որպես անչափահաս նրա իրավունքները չոտնահարելու նպատակով, դասի է գնում ավտոմեքենայով` «Մերսեդեսով»:
Aravot.am-ի հետ զրույցում, դպրոցի ծնողներից պատմեցին, որ մեկ անգամ, նույնիսկ, վթարային իրավիճակ է ստեղծվել դպրոցի շրջակայքում: Ծնողները մտահոգված էին թե’ այդ եւ թե’ իրենց երեխաների անվտանգությամբ, նրանք նաեւ ասացին, որ դպրոցի տնօրինության կողմից այդ տղան մի քանի անգամ զգուշացվել է` ավտոմեքենայով դասի գալու համար:
Եթե աշակերտի ծնողները նորմալ են վերաբերվում իրենց որդու արարքին, դա նրանց գործն է, սակայն, թե ինչպե՞ս է անչափահաս` 13-ամյա վարորդը, սպրդում ճանապարհային ոստիկանների աչքից, հատկապես, որ նրան ճանաչողները, վստահեցնում են, որ երեխան հենց անչափահաս էլ երեւում է, մի տեսակ հավատալու չէ:
Aravot.am-ի հետ զրույցում թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանն ասաց, որ ինքն այդ աշակերտին մեքենայի ղեկին չի տեսել եւ չի էլ լսել, որ իր դպրոցի աշակերտը ավտոմեքենայով է դպրոց գալիս. «Եթե ուսուցիչներն էլ տեսած լինեին, կանհանգստանային եւ անպայման ինձ տեղյակ կպահեին եւ ես անպայման միջոցներ կձեռնարկեի՝ հենց միայն որպես անչափահաս նրա ճակատագրով անհանգստացած լինելով»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ծնողները պնդում են, թե մի քանի անգամ զգուշացրել եք այդ տղային, տիկին Միրզոյանն ասաց, որ նման բան չի եղել. «Ես կզրուցեմ նրա հետ»:
Բացի այն, որ անչափահասին, որը չունի վարորդական իրավունք, արգելվում է ավտոմեքենա վարել, եւ վարելու դեպքում էլ օրենքը նախատեսում է 20 հազար դրամ տուգանք, ճանապարհային ոստիկանությունից վստահեցրին, որ 10 հազար դրամ վարչական տույժի պետք է ենթարկվի նաեւ ավտոմեքենայի տերը, որի անունով որ ձեւակերպված է ավտոմեքենան: Իսկ անչափահասին ավտոմեքենայի ղեկին «բռնելու» դեպքում էլ, ճանապարհային ոստիկանը պարտավոր է մեքենան տանել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Վայ մեզ եթե ճիշտ է ու տնօրենը տեյակ չի կամ հրաժարվում է տեյակ լինելու փաստից:
Այս ամբողջի մեջ տնօրենի հարցն է անչափ մտահոգիչ:
երեխա է էլի թող քշի ,ինչ կլինի որ . Մեկ-մեկ էլ տնորենին խանութ մանութ կտանի….
Ինչ կարիք կար նշելու մեքենայի մակնիշը: Որ ասենք, Զապով գնար-գար, ոչի՞նչ: Իսկ դե էս կարգի հարցերում ոնց կարող ա պատասխանատու անձ հայտնվել: Տնօրենը պիտի տեսնի՞, թե՞ ՃՈ-ն, թե՞ պարգինգ սիթի ա ինչ ա` ինքը: Ո՞վ
Դրան էլ կհարմարվենք: Ավտոմեքենան ընդամենը փոխադրամիջոց է : Եթե աշակերտը ունի վարորդական իրավունք և եթե օրենքով չի արգելվում, կարող է ավտոմեքենայով գալ դասի:
Հարգելի Ամալյա, ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը տրվում է 18 տարին լրանալուց հետո: Սակայն քննություն կարող են հանձնել 17 տարին լրացած անձինք, ովքեր հաշվառված չեն թմրաբանական բժշկական հաստատություններում, զրկված չեն վարորդական իրավունքից եւ չունեն առողջական սահմափակումներ:
Լավ է անում, կարողանում է`վարում է:Դրա փոխարեն թող թույլ տան անչափահասները քննություն հանձնեն և իրավունք ստանան:Արդար է, որ ավտոգոնկին ուրիշի անվան տակ մասնակցես հաղթես, բայց մի իրավունք չունենաս, ինչ է թե անչափահաս ես:Էդ ո*նց եք չափահասին տարբերում, որ:Տո ձեր չափանիշներն են հին:
Հարգելի Դավիթ, գուցե դուք ճիշտ եք՝ չափահասության տարիքի հետ կապված, գուցե արդեն պետք է վերանայվի չափահասության տարիքը, հաշվի առնելով, բարձր տեխնոլոգիաների այս դարում մարդկանց արագ զարգացումը, բայց այս պահին ՀՀ-ում օրենքի պահանջը դա է: