Փետրվարի 13-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մասնակցեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի ձևավորում» խորագրով հրավիրված տեսակամուրջին:
Մասնակիցների շարքում էին նաև Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջատար բուհերի, ինչպես նաև ՌԴ Սվերդլովյան շրջանի հյուպատոսարանների, ազգային և մշակութային միությունների ներկայացուցիչները: Տեսակամուրջի նախաձեռնողն էր ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը (Եկատերինբուրգ), որտեղից էլ համակարգվում էր վիդեոկոնֆերանսի ամբողջ ընթացքը:
Մասնակիցներին նախ ողջունեցին տեսակամուրջի վարողներ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության համակարգող, պրոֆեսոր Իգոր Պանարինը և «Եվրասիական տնտեսագետ գիտնականների ակումբ»-ի փոխնախագահ Միխայիլ Ֆեոդորովը:
Համալսարանական լիգայի առաջնային խնդիրներից կլինի Եվրասիական տարածքում անվտանգության բովանդակության և միջսերնդային երկխոսության ապահովումը:
Իգոր Պանարինն նախ ընդգծեց, որ Համալսարանական լիգայի ձևավորման գաղափարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինն է, ով հավանաբար կգլխավորի Լիգայի բարձրագույն խորհուրդը: Պանարինը նշեց նաև, որ կառույցի հիմնական նպատակը պետք է լինի Եվրասիական տարածքի անվտանգության կոնցեպտի ձևավորումը, որը բացի ռազմական բաղադրիչներից պետք է ունենա նաև միգրացիոն, արդյունաբերական, էներգետիկ, տեղեկատվական, ֆինանսական, սննդի անվտանգության, ինչպես նաև հումանիտար ոլորտի, միջբուհական փոխգործակցության, ուսանողների փոխանակման, երիտասարդական քաղաքականության, ազգային գաղափարների ու մշակութային արժեքների պահպանության մի շարք ենթաբաղադրիչներ:
Վիդեոկոնֆերանսի ընթացքում հիմնականում քննարկվեցին ՀԱՊԿ համալսարանական լիգայի ձևավորման անհրաժեշտությունն ու ժամանակի մարտահրավերները, լիգայի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և նրա առջև դրված խնդիրները:
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց գործընկերների նախաձեռնությունը և հավելեց, որ Երևանի պետական համալսարանը՝ որպես Համալսարանական լիգայի հիմնադիր անդամ, ոչ միայն պատրաստակամ է ակտիվորեն անդամակցել կառույցին, այլև կանի հնարավորինը լիգայի կայացման և հետագա արդյունավետ աշխատանքների իրականացման գործում: «Համալսարանական լիգան չպետք է լոկ ձևական կառույց լինի, այն պետք է զբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ և գործնական առաջարկներ ներկայացնի ղեկավար մարմիններին: Լիգան պետք է դառնա առկա խնդիրներին փորձագիտական գնահատականներ տվող կառույց, որտեղ երիտասարդները նույնպես իրենց խոսքը կասեն, քանի որ հենց նրանք են ամենակարևոր հարցի՝ ժողովրդի արժեքային համակարգի ապագա կրողները: Սակայն մինչ երիտասարդներից ինչ-որ խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու լուծումներ պահանջելը, նախ վերջիններիս հետ լուրջ աշխատանքներ է պետք իրականացնել»,- նշեց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև Լիգայի կազմում ընդգրկվելու չափորոշիչների հարցին և ընդգծեց, որ կառույցի ձևավորման սկզբնական փուլում անհրաժեշտ է խիստ մոտեցում ցուցաբերել՝ բացառելու լիգայի թուլացումն ու դրան հաջորդող անարդյունավետ գործունեության իրականացումը:
Այս տարվա ընթացքում կազմակերպվելիք մի շարք միջոցառումների ընթացքում կհղկվեն Համալսարանական լիգայի ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր և տեղի կունենա հիմնադիր ժողով:
Հավելենք, որ վիդեոկոնֆերանսին ԵՊՀ-ի կողմից մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Մամլո հաղորդագրություն
Այն ինչ կապված է Արամ Սիմոնյանի հետ , ի սկզբանե մատնված է անգործության և ձախողման, ինչի մասին ակամա բարձրաձայնում է հեն ինքը…