Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով, թե ինչպես են լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրն իրենց մոտ, քանի որ թանգարանում աշխատողներից հինգ տոկոսի պահումները չեն արվել, գուցե աշխատավարձե՞ր են բարձրացվել, ասաց. «Պահումներ չենք արել, կսպասենք մինչեւ մարտի վերջ` այսինքն` ինչ որոշի Սահմանադրական դատարանը, որի հունվարի 24-ի որոշման համաձայն, տույժերի, տուգանքների չեն ենթարկվում չվճարածները: Մենք ընդամենը այդ տարիքի երկու աշխատող ունենք, որոնք խնդրանքով դիմում են գրել, որ իրենց աշխատավարձերից չպահվի մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, մենք էլ այդպես ենք վարվել, որովհետեւ հարգում ենք նրանց իրավունքը:
Ճիշտ է` հիմա հարկային հաշվետվություն էլ չենք կարող ուղարկել, որովհետեւ ծրագիրն այնպես են սարքել, որ չի լինի, բայց եթե նույնիսկ տույժեր գան` ոչինչ, թող այդպես լինի»:
Մյուս հարցին էլ`հնարավո՞ր է աշխատավարձի բարձրացում լինի ձեզ մոտ, աշխատողներին փոխհատուցելու համար, Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Դա չի հարցի լուծումը ու ես ափսոսում եմ, որ կան կազմակերպություններ, որ ստիպված բարձրացնում են աշխատավարձը, մինչ այդ հարցի լուծվելը: Այստեղ ուրիշ հարցեր կան, միայն այդ հինգ տոկոսը չէ, անվստահություն է, թե հետո այդ գումարն ինչ է դառնալու, հայտնի չէ եւ հետո ովքե՞ր են այդ ֆոնդերը: Աշխատավարձ բարձրացնել միշտ էլ կարող ենք, բայց դա ոչ մեկի գործը չէ: Մենք բարձրացնենք, որ ուրիշը տանի՞: Այս պահին խելոք սպասում ենք մինչեւ մարտի որոշումը, բայց ամեն դեպքում, այնպես չենք անի, որ նեղվեն մեր աշխատողները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության: