Այսօր Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս: Նմանատիպ հարցերը տիկին Ստեպանովան անընդհատ «ցրում էր», պատճառաբանելով, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, նման հարցերը դեսպանը կարող է պատասխանել. «Քաղաքական հարցեր մի տվեք: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ չեն հետաքրքրում միգրացիոն հարցերը»:
Իսկ լրագրողներն ընդամենը հետաքրքրվում էին, թե օրինակ՝ ինչ ընթացքում է վերջերս Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանի` իր ռուս կոլեգային ուղղված նամակի պատասխանը. Այդ նամակով հայկական կողմը Ռուսաստանից միգրացիոն գործընթացներում հայերի համար արտոնություններ է խնդրում. արդյոք Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուց հետո ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն կանոններն այլ կլինե՞ն, այս հարցը եւս զայրացրեց ռուս տիկնոջը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում Ադրբեջանից 80 հազար փախստականներ կան, ռուս աշխատակիցները ադրբեջանցի փախստականներին որպես հայրենակի՞ց են վերաբերվում, թե՞ օտարերկրացի:
Տիկին Ստեպանովան հարցը լսելուց խորը հոգոց հանեց, շատ կամաց, քթի տակ ասաց` «ой, не могу», ապա բարձրաձայն պատասխանեց` «Ինչպիսին հարցն է, այնպիսին էլ` պատասխանը, ես դեսպանատան աշխատակից եմ, այլ ոչ թե միգրացիոն ծառայության: Ադրբեջանցի փախստականների համար թող տառապի Ադրբեջանը, դուք ինչո՞ւ եք տառապում նրանց փոխարեն»:
Այս պատասխանն էլ բորբոքեց լրագրողին, տիկին Ստեպանովան եւ դեսպանատան մամուլի քարտուղարը նորից հորդորեցին միայն միգրացիայի վերաբերյալ հարցեր տալ եւ հարգալից վերաբերմունք պահանջեցին, ինչին ի պատասխան լրագրողն ասաց` «Մենք էլ պահանջում ենք հարգանք մեր նկատմամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ մի՞թե կարելի է բացի լկտիությունից այլ բան սպասել ռուսական դեսպանատնից:
Իսկ ռուսական դեսպանատնից բացի լկտիությունից այլ նողկալի բաներ սպասելի չ՞են: