Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը կոլեգիայի անդամներին տեղեկացրեց, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացած Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՍՆՀ-ն որպես Տարածքային զարգացման հիմնադրամ վերակազմակերպելու գործընթացն սկսելու մասին: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ 2015 թվականից հիմնադրամն արդեն կսկսի իր գործունեությունը` նոր մոտեցումներով եւ գործիքակազմով:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ զուգահեռաբար Համաշխարհային բանկի հետ քննարկվելու են հիմնադրամի նոր ծրագրի մանրամասները, որն ակնկալվում է հաստատել մինչեւ տարեվերջ: Նա հույս հայտնեց, որ Տարածքային զարգացման հիմնադրամը կարեւոր դեր կունենա համայնքների զարգացմանը նպաստելու աշխատանքներում:
Կոլեգիայի նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ամփոփ տվյալները, ինչպես նաեւ 2014թ. պլանային ցուցանիշների վերլուծությունը: Նշվեց, որ 2013թ. հանրապետության համայնքների ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 98,4 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 10, 8 տոկոս, սեփական եկամուտների կատարողականը (5 հիմնական հարկատեսակների մասով) կազմել է 98,3 տոկոս, աճը` 4,7 տոկոս: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95,5, գույքահարկի հավաքագրումը` 100 տոկոսով:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակելու են գտնվել համայնքային վարչարարության կատարելագործման հարցերը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում է համայնքների գույքահարկի բազաների ճշգրտման հարցը, որը մարզային այցերի ժամանակ բազմիցս բարձրացվել է համայնքների ղեկավարների կողմից: Խնդիրը վերաբերում է համայնքներում առկա չշահագործվող, բայց Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված եւ համայնքների գույքահարկի բազաներում ներառված ավտոմեքենաներին, որոնք կամ սեփականատերերի բացակայության կամ ժառանգությունը չձեւակերպելու պատճառներով հնարավոր չէ հանել հաշվառումից, հետեւաբար գույքահարկի գծով պարտավորությունները չեն կարող դադարեցվել: Սա իր հերթին համայնքների ղեկավարների համար խնդիրներ է առաջացնում հարկային վարչարարության տեսանկյունից:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի 13-ին խնդրի լուծման հնարավոր մեխանիզմները քննարկվել են Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Որոշվել է լուծումներ գտնել խնդրահարույց մեքենաների գույքահարկի պարտավորությունների մասով մինչեւ 2010թ. կուտակված ապառքների զրոյացման, ինչպես նաեւ գույքահարկի պարտավորությունների սառեցման հարցերի համար` հիմք ընդունելով վերջին տարիներին ստեղծված տեղեկատվական տարբեր բազաների տվյալները:
Կոլեգիայի անդամ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցի կապակցությամբ ավելացրեց, որ վերջին շրջանում մեծ թվով քաղաքացիներ են դիմում իրենց` լիազորագրով վաճառված ավտոմեքենաների վերաբերյալ համապատասխան տեղեկանք ստանալու համար` հաճախ չկարողանալով նշել ոչ գործարքի կոնկրետ տարեթիվը, ոչ էլ համապատասխան նոտարական ծառայության հասցեն, ինչը գործնականում անհնար է դարձնում նման տեղեկանքի տրամադրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման տեղեկանքների տրամադրման պայմանները պարզաբանելու նպատակով հանրային իրազեկում իրականացնել:
Նիստում նաեւ տեղեկատվություն ներկայացվեց հողօգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2013թ. ընթացքում իրականացված գործառույթների մասին:
Կարդացեք նաև
Փոխվարչապետը կարեւորեց չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու խնդիրը` նշելով, որ շահագրգիռ մարմինների հետ ներկայումս քննարկվում է այնպիսի իրավական լուծումներ գտնելու հարցը, որոնք հնարավորություն կտան չգրանցված հողերը ձեւակերպել որպես համայնքային սեփականություն եւ կրկին դնել շրջանառության մեջ: Նման խնդիրներ առաջացել են, երբ հողատարածքներից ինքնակամ հրաժարվելու դեպքերը օրենքով սահմանված ընթացակարգ չեն անցել եւ համայնքների ղեկավարների կողմից որպես համայնքային սեփականություն չեն գրանցվել, ինչի արդյունքում այդ հողերը չունեն որեւէ կարգավիճակ, իսկ հրաժարված քաղաքացիների հարկային պարտավորությունները չեն դադարեցվում` համայնքային բյուջեների համար առաջացնելով անհուսալի ապառքներ: Նշվեց, որ նման խնդիրներ կուտակվել են հիմնականում մինչեւ 2008 թվականը ներկայացված դիմումների մասով:
Կոլեգիան ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունն ընդունեց ի գիտություն:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի այն դրույթների վերլուծությանը, որոնց վերաբերյալ Հայաստանը վերապահումներ է ունեցել փաստաթուղթն ստորագրելու ժամանակ:
2002թ. փաստաթուղթը վավերացնելիս Հայաստանը վերապահում է ներկայացրել 4 հոդվածի մասով, որոնք մասնավորապես վերաբերել են Խարտիայի մի շարք պահանջներ ազգային օրենսդրության մեջ արտացոլելու հարցին: Նշվեց, որ փաստաթղթի ստորագրումից հետո 12 տարվա ընթացքում իրականացված համակարգային բարեփոխումներով, սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաեւ մի շարք օրենքների ընդունումով, ըստ էության, Խարտիայի բոլոր պահանջներն իրականացված են, եւ Հայաստանն արդեն կարող է հրաժարվել այդ վերապահումներից:
Խարտիայի համապատասխան հոդվածների եւ դրանց պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը լսելուց հետո` կոլեգիան որոշեց հավանություն տալ վերապահումներից հրաժարվելու գործընթացի նախաձեռնմանը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին