«Ոստիկաններին օգտագործելով`ճնշում են ազատ, անկախ Հայաստանի համար պայքարող մարդկանց: Իրենք ինձ պարզ ասում են` ռադդ քաշի Հայաստանից»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրէժ Զատիկեանը` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին:
Նա մանրամասներ ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ այցի կապակցությամբ բողոքի ակցիային մասնակցելու առիթով իրեն բերման և ծեծի ենթարկելու մասին: Վրէժ Զատիկեանը պատմեց, թե երբ իրեն ու իր ընկերներին բերման են ենթարկել, տեսել են, որ ինքը ԱՄՆ քաղաքացի է, ասել են, թե բաց ենք քեզ թողնում, բայց ինքը գերադասել է մնալ ընկերների հետ ու տեսնել, թե ինչ անօրինություններ են իրականացնում:
Այս դեպքերին հետևել է Վրէժ Զատիկեանի ծեծը, որի մանրամասները նա հրապարակայնացնում է, քանի որ վաղը մեկ ամսով լքելու է Հայաստանը: Վրէժ Զատիկեանը պատմեց. «Երբ ես հիվանդանոցում էի, օպերներն ինձ այցելեցին ու ասացին, թե այս տղաները քեզ ծանո՞թ են, ասացին, որ գտել են ինձ ծեծողներին: Սա հունիսի հինգի իրադարձություններն էին: Մինչև այսօր դեռ այդ գործը բացված չէ: Ավելին, առերեսման ժամանակ քննիչը այդ անձին, ում լուսանկարում ես ճանաչել էի, հուշող հարցեր էր տալիս: Հետո նա սկսեց ինձ անպատվել` հույսով, թե ես մի ռեակցիա պիտի տամ: Քննիչը բաց աչքերով նայում էր, թե Վրէժն ինչ պիտի անի, բայց միջամտեց իմ փաստաբանը: Մենք հոկտեմբերին դիմում ենք գրել երկրի նախագահին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին, թե քննիչը լավ չի պահում իրեն: Այդ քննիչին գործից հեռացրին, այլ քննիչի գործը տվեցին, բայց դեռ ոչ մի բան չի բացահայտվել: Ինձ խփողն ու ծեծողը ազատության մեջ է»:
Վրէժ Զատիկեանը հայտարարեց, թե «ԱՄՆ դեսպանատունը վստահ է, որ այդ ծեծը եղել է ուղղորդված»:
Կարդացեք նաև
Իսկ Վրէժն իր անունից հայտնեց հետևյալը. «Ես ավելի հակված եմ մտածելու, որ այդ տղաները հիմարություն արեցին, և ոստիկանները փորձեցին նրանց օգտագործել իմ դեմ: Հուսով եմ, որ այս պատմությունը հանրայնացնելով, եթե որևէ տհաս քայլ իրենք պիտի անեին իմ դեմ, այլևս չեն անի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ