Փետրվարի 14-ը համարվում է համակարգչային մասնագետի համաշխարհային օրը: Այդ առիթով այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնի հյուրն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որը եղել է Հայաստանում առաջին համակարգիչների ստեղծողներից:
«Այսօր մեր մասնագիտական օրն է, և այդ օրվա կապակցությամբ միշտ վերհիշում ենք այն, ինչ տեղի է ունեցել, ինչպիսի ճանապարհ է անցել Հայաստանում համակարգիչների ստեղծման, շահագործման և տարածման պատմությունը: Այն փորձը, որը Միացյալ Նահանգներում հայտարարվեց և առավելությունները, որ բերում էր համակարգիչը հանրության շրջանում, ստիպեցին, որ ամբողջ Խորհրդային միությունում տարբեր հիմնարկներ, ձեռնարկություններ և Հայաստանում էլ մեր ինստիտուտը ձեռնամուխ լինեն նման աշխատանքների կատարմանը`հետ չմնալու համար ընդհանուր գործընթացից: Կառավարության որոշումով ակադեմիկոս Մերգելյանի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ստեղծվեց մեր ինստիտուտը: Նա, լինելով փայլուն մաթեմատիկոս, պատկերացնում էր դա, և կարողացավ համոզել պատկան մարմիններին, որ Հայաստանում նման ասպարեզի բացակայությունը կարող է մեզ առաջընթացից հետ մղել: 1956 թվականին մեր առաջին տնօրենը դարձավ Մերգելյանը, այդ ինստիտուտը հիմնվեց`ունենալով իր առջև մի շարք նպատակներ»,- հիշում է ակադեմիկոսը:
Պրն Քուչուկյանը նշում է, որ սկզբնական շրջանում նախագծի վրա աշխատող անձնակազմը գործնականում չուներ հաշվողական տեխնիկայի նվազագույն փորձ: Սակայն, ինչպես ակադեմիկոսն է ասում, բոլորը եռանդով լցված փորձում էին իրագործել այդ նախագիծը:
«Առաջին համակարգիչը` Արագածը (մենք որոշեցինք, որ պետք է ունենա հայկական անուն), պատրաստվեց 3 տարվա ընթացքում: Բոլորս հպարտ էինք, որ այդպիսի համակարգիչ Հայաստանը կարողացավ պատրաստել: Երիտասարդների վրա պետք է շեշտադրում դնել, եթե նպատակը հստակ է դրվում, և պատվաբեր նպատակ է, ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ աշխատանքը ստացվի: Քանի որ կար որոշակի մրցակցություն, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, մեզ համար պատվի հարց էր լինել առաջինը: Դրա համար արվեց ամեն ինչ, որպեսզի այդ համակարգիչը լինի առաջատար:» Նա պատմում է, որ նպատակն իրագործելու և առաջինը լինելու համար իրենց անձնակազմն այդ տարիներին անգամ ինստիտուտում էր գիշերում:
Մերգելյանի անվան ինստիտուտը ստեղծել է նաև մի համակարգ («Արեւ» համակարգչային ծրագիրը), որը նախատեսված է կույր մարդկանց համար: Նման ծրագիր ունի նաև ԱՄՆ-ն:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ