Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը` լսելով աշխատանքից ազատվելու տեղեկատվության մասին, նախ զարմացավ, հետո հարցրեց, թե որտեղի՞ց է նման տեղեկատվությունը:
Մեր ճշտող հարցին` վերջին երկու օրվա ընթացքում եղե՞լ են աշխատանքից ազատվողներ և ի՞նչ հիմքով են ազատվել, Նինել Վարդանյանը նշեց, որ Մետրոպոլիտենն ունի 1200 աշխատակից: «Շատ հաճախակի և ընդունվում և ազատվում են աշխատողներ: Որպես կանոն իմ պարտականությունների մեջ չի մտնում իմանալ, թե ով է ազատվել, ով է ընդունվել և ինչ հիմքով: Հեռացման գործընթաց բողոքի ակցիայի հետ կապված մեզ մոտ չկա»,- ասաց Նինել Վարդանյանը` հավելելով, որ եթե նշվի, թե ովքեր են այդ աշխատանքից ազատվող մարդիկ, ինքն էլ կասի, թե ինչ հիմքով են ազատվել աշխատանքից, որովհետև հնարավոր է, որ մարդիկ իրենց դիմումի հիման վրա են ազատվել:
Նինել Վարդանյանը բացառեց բողոքի ակցիայի հիման վրա ճնշումներն ու աշխատանքից ազատելը: Միաժամանակ նա հարցրեց. «Դուք որտեղ որ աշխատում եք, ձեզ մոտ ո՞նց են վերաբերվում աշխատավարձից պահումներ անելու խնդրին»: Պատասխանեցինք, որ մեր հիմնարկում չկա այդ խնդիրը, որից հետո հնչեց հետևյալ հարցը. «Ուրեմն Ձեր հիմնարկում չե՞ն հետևում պետության օրենքներին»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում