Փետրվարի 14-ին «Երկու երես» մամուլի ակումբի հյուրերն էին «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը և «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը: Հանդիպման թեման քաղաքական դաշտի պասիվությունն էր և դրա պատճառը:
«Քաղաքական դաշտի պասիվությունը նախ պայմանավորված է իրենց ցանկությամբ և համընդհանուր անվստահությամբ»,- ասաց պրն Մարոզյանը:
Նա խոսեց «պատասխանատվություն» հասկացության մասին: «Եթե մենք մակերեսային զննենք այս հասկացությունը, կարծես ինչ-որ պարտադրանքի եղանակով կարելի է հասնել պատասխանատվության: Խոսքս կառավարության, իշխողի և ընդդիմադիրի մասին է: Բայց իրականում դա պետք է լինի մարդու ներքին հոգեբանական պահանջմունքը: Մարդը լինում է կամ պատասխանատու, կամ՝ ոչ, նա չի դառնում պատասխանատու: Միայն պարտադրանքով նրանք պատասխան տան իրենց արած և չարած գործերի համար, հաշվետվություն ներկայացնեն իրենց ընտրողներին՝ ժողովրդին: Մենք այդպիսի կատեգորիաները վաղուց մոռացել ենք: Այսինքն՝ դրա հետևանքով վերևները երբ չեն սիրում ներքևներին, ներքևներն էլ չեն վստահում վերևներին: Առաջացել է մի իրավիճակ, երբ կա բացարձակ անվստահություն: Եվ կարծես մենք ապրում ենք այս երկու ենթաշերտերում՝ ժողովուրդը իր համար, իշխանությունն իր համար: Իշխանությունը կարծես դարձել է ինքնանպատակ»,- ասաց պրն Մարոզյանը:
Այնուհետև հավելեց, որ եթե չկա փոխվստահություն, եթե չկա նպատակային գործունեություն հաղթահարելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը, երբեք չի առաջանա վստահություն:
Կարդացեք նաև
Իսկ արդյոք նրանք ուզում են փոխել, պրն Մարոզյանն ասաց, որ դա պետք է լինի նրանց ցանկությունը, իսկ եթե ուզում են փոխել, սակայն չի ստացվում, այդ դեպքում հասարակական կազմակերպությունները, ակտիվ քաղաքացիները, հասարակական շարժումները նրանց կողմից պետք է դրական ընդունվեն: «Եվ կամաց-կամաց սրանից կծնվի «վստահություն» կոչվածը»,- ասաց պրն Մարոզյանը:
Սակայն, ըստ նրա, ցանկացած այդպիսի քաղաքացիական ակտիվություն լռեցվում է: «Եթե այս տեսանկյունից գնահատենք, ապա կտեսնենք, որ ավելի համոզիչ է դառնում, որ նրանք չեն ուզում ինչ-որ բան փոխել»,-ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը:
«Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանը համակարծիք էր պրն Մարոզյանի հետ: «22 տարվա ընթացքում տարբեր քաղաքական ուժեր եկան, գնացին, բայց բոլոր խնդիրները ոնց եղել են, նույն ձևով մնացել են: Հասարակական կառույցները սերտ համագործակցում են ժողովրդի հետ, կուսակցությունները՝ հակառակը, նրանք այսօր զբաղված են միայն աթոռի և իշխանության համար պայքարելով: Երբ նայում ես կուսակցությունների կանոնադրություններին, առաջին կետերը նույնն են: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն Հանրապետական կուսակցության, ԱԻՄ-ի և այլն: Բոլորի նպատակները նույնն են, բայց ունենք քաղաքական ճգնաժամ: Ինչո՞ւ: Որովհետև կուսակցությունները այսօր զբաղված են հիմնականում իշխանության համար պայքար տանելով»,- ասաց պրն Համբարձումյանը:
Նա նշեց, որ եթե Ազգային ժողովում պատգամավորը իր կարծիքն արտահայտի ոչ թե որպես որևէ կուսակցության անդամ, այլ որպես ժողովրդի ներկայացուցիչ, նա այլ կերպ կքվեարկեր: «Որևէ կուսակցության նախագահ պարտադրում է, Ազգային ժողովի պատգամավորը ստիպված կողմ է քվեարկում նշված օրենքին, թեկուզ օրենքը հակասում է ժողովրդավարությանը, թեկուզ օրենքը հակասում է Սահմանադրությանը»,- ասաց պրն Համբարձումյանը:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ