Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները դեռ չեն կողմնորոշվել` վստահո՞ւմ են հայրենի կառավարությանը, թե՞ ոչ

Փետրվար 14,2014 15:27

Այսօր խորհրդարանում երեք ընդդիմադիր`ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ այլընտրանքային ԲՀԿ-ն այդպես էլ չեկան ընդհանուր հայտարարի`վստահո՞ւմ են հայրենի կառավարությանը, թե՞ ոչ: Հանդիպումը կրկին տեւեց, 1,5 ժամ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու թեմայով սա երկրորդ քննարկումն էր: Իսկ նախաձեռնությունը սկսվեց խորհրդարանում գազի հարցով հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնության տապալումից հետո:

Այսօրվա նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը,Վարդան Օսկանյանը, ՀԱԿ–ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ՀՅԴ–ից` Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը:

Այս անգամ հյուրընկալող կողմը Հայ ազգային կոնգրեսն էր: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որն ասաց, թե պատրաստվում է հրապարակել 4 ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարություն` կապած կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր վճարումների դեմ պայքարի վերաբերյալ:

«Լուրջ քաղաքական իրավիճակ է ստեղծվել ու ընթանում են կարևոր բուռն քաղաքական պրոցեսներ: Մարդիկ սկսել են պայքարել իրենց իրավունքների համար»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` թե այսօր չհնչեց գլխավոր հարցի պատասխանը արդյոք առաջիկա քառօրյայում պատրաստվո՞ւմ են ներկայացնել կառավարությանը` անվստահություն հայտնելու հարց, Զուրաբյանը պատասխանեց. «Բնականաբար հարցը քննարկվել է, խմբագրական աշխատանք է ընթանում, երբ լինի վերջնական արդյունքը մենք ձեզ կասենք: Վերջնական արդյունքը դեռևս չկա»:

Հիշեցմանը, թե նախորդ անգամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասել էր, որ մեկ-երկու օրից արդեն ամեն ինչ պարզ կլինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Բանակցությունները շարունակվում են և ոչ մի ավելի բան չեմ կարող ասել:Աշխատանքը առաջ գնացել է, բայց այդ աշխատանքի առաջխաղացման կամ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է մինչև չկա վերջնական համաձայնություն: Զինվեք համբերությամբ ու դուք քառօրյայի ժամանակ կունենաք բավականին հետաքրքիր նյութ լուսաբանելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728