Փետրվարի 13-ին, Բրյուսելում Եվրանեսթի սոցիալական, կրթական, մշակութային և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում ելույթի խոսքով հանդես է եկել վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք,որ փետրվարի 11-ից 13-ը Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը մասնակցում էր վեհաժողովի քաղաքական, էներգետիկ և սոցիալական հարցերով հանձնաժողովների նիստերի հանդիպումներին :
Արտակ Զաքարյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Փորձը ցույց է տվել, որ մեր աշխատանքները այս հանձնաժողովի շրջանակում եղել են արդյունավետ: Մենք հաջողել ենք ստեղծել կառուցողական մթնոլորտ և, ի շնորհիվ մեր բոլորի ջանքերի, նույնիսկ զգայուն հարցերի քննարկման դեպքում, մեծամասամբ հնարավոր է եղել կայացնել ընդհանուր որոշումներ: Հուսով եմ, որ այսօր օրակարգում ընդգրկված բոլոր քննարկումները կարևոր կլինեն պատվիրակությունների համար: Լինելով այստեղ, մենք, նախևառաջ, պատասխանատու ենք մեր ընտրողների առջև:
Հարգելի գործընկերներ,
Կարդացեք նաև
Վիլնյուսի գագաթաժողովն արդեն անցյալում է: Շատ կարևոր, և ըստ էության, շատ արժեքավոր էր, որ այն ապացուցեց ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների կարողությունը և պատրաստակամությունը միավորելու և համատեղելու արժեքներն ու ազգային կենսական շահերը: Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան միացյալ հայտարարությունը արտացոլում է Ասոցացման համաձայնագրում մեզ համար կարևոր կետերը: Եվրոպական Միության հետ խոր և համապարփակ հարաբերությունները մեզ համար միշտ եղել և մնում են օրակարգային առաջնահերթություն: Սա մեզ համար խոր համոզմունք է և մենք հանձնառու ենք շարունակելու այս ուղին:
Նաև, ցանկանում եմ ողջունել մեր այն գործընկեր երկրներին, որոնք նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նաև լիահույս եմ մոտ ապագայում Ուկրաինայում իրավիճակի կայունացման կապակցությամբ`հուսալով, որ Ուկրաինայի մեր գործընկերները առաջիկայում կմիանան Եվրանեսթի մեր աշխատանքներին»:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով