ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացնում էր Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելու առավելություններն ու թերությունները:
«Ընդհանրապես Մաքսային միությունը տնտեսական կառույց է, սակայն այն հանգամանքները, որում այսօր գտնվում է Հայաստանը, թույլ են տալիս մտածելու, որ ՄՄ անդամակցության հարցը ունի նաեւ քաղաքական բաղադրիչներ»,- պրն Մինասյանի կարծիքով, քաղաքական մասը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանգամանքով:
«ԼՂՀ-ն Հայաստանի հետ գտնվում է նույն ՄՄ սահմանում, սակայն հոկտեմբերի 24-ին՝ Մինսկում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ, Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը հարց բարձրացրեց, որ ինքը պրոբլեմներ է տեսնում այն բանի մեջ, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ չկա մաքսային սահման»,-հիշեց պրն Մինասյանը:
Պրն Մինասյանը նաեւ ավելացրեց այն փաստը, որ դեկտեմբերի 22-ին Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, որով վերացվում էր նրանց միջեւ մաքսային սահմանները . «Սա մի հանգամանք է, որը հեշտացրեց բոլոր այն խնդիրների լուծումը, որը կապված էր ԼՂՀ-ի վերջնականապես չճանաչված լինելու փաստի հետ: Եթե երկու չճանաչված պետություն՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան, մտնում են ՄՄ, ապա ոչ մի հարց այլեւս չի ծագի ԼՂՀ-ի ՄՄ անդամ դառնալու հետ կապված»:
Կարդացեք նաև
Պրն Մինասյանի պնդմամբ՝ սա կլինի ԼՂՀ-ի տնտեսական ճանաչումը, որն էլ կհեշտացնի դրա քաղաքական ճանաչումը:
Անդամակցությունից հետո մաքսատուրքերի փոփոխությունների մասին խոսելիս՝ պրն Մինասյանը նշեց. «7658 ապրանքատեսակների համար ՄՄ-ում ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանված, քան այսօր, 1676 ապրանքի համար այդ մաքսատուրքերը ավելի ցածր են, իսկ 1962 ապրանքատեսակի համար մաքսատուրքերը հավասար են»:
Խոսելով սպասվող գնաճի մասին՝ պրն Մինասյանը նշեց, որ 987 ապրանքատեսակների մաքսային արժեքների բարձրացման խնդիրը արդեն քննարկման փուլում է. «Քննարկվում է այն հարցը, որպեսզի 987 ապրանքատեսակի համար լինեն բացառումներ՝ մնա այն մաքսատուրքը, որը կար մինչեւ այդ Հայաստանում եւ այլեւս չբարձրանա»:
Խոսելով Եվրամիության հետ տնտեսական կապերի մասին՝ պրն Մինասյանը նշեց, որ Հայաստանն արդեն հունվարի 1-ից ստացել է GSP+ կարգավիճակ, որը թույլ կտա շուրջ 10.000-11.000 ապրանքատեսակներ արտահանել Եվրոպական Միության անդամ երկրներ: Սակայն, միեւնույն ժամանակ նա կարծում է, որ կարելի էր սպասել ավելի լայն հնարավորություններ Եվրամիության հետ անդամակցելու ընթացքում. «Եթե մեր արեւելյան գործընկերները այդքան համառորեն կառչած չմնային «կամ – կամ» սկզբունքին, ծրագիրն այսօրվա վիճակում չէր լինի»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ