«Ոչ ՀՀ նախագահը, ոչ էլ քաղաքական մեծամասնությունն իր առջև նման խնդիր չի դրել»,-Aravot.am-ի հարցին՝ այսօր ՀՀԿ-ի համար օրակարգայի՞ն է ՀՀ կառավարության հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ 4 ընդդիմադիր ուժերը բարձրացնում են կառավարության հրաժարականի հարցը, այսպես պատասխանեց ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը:
Նա բնական համարեց այն, որ ընդդիմադիրներն այդ հարցը բարձրացնում են ու ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժի սահմանադրական իրավունքն է կառավարության հրաժարականը պահանջել: Բա ընդդիմության քաղաքականությունն էլ այդ է, ի՞նչ անի՝ քննադատի և հրաժարական պահանջի՞: Շատ լավ, դա էլ կարող են իրենք անեն, թող պահանջները միավորեն, տեսնենք ով ինչ պահանջ է ներկայացնում: Սահմանադրությամբ կառավարությունը ձևավորում է ՀՀ նախագահը և քաղաքական մեծամասնությունը: Նրանք, ովքեր ուզում են կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնել, իրենք սա շատ լավ հասկանում են: Ընդամենը կարող են ԱԺ-ում ևս մեկ օր դարձնել քննադատության օր և ինչպես միշտ, ցանկացած օրենքի վերաբերյալ, նույնն էլ այդ օրը կարող է լինել՝ քննադատել, քննարկել, մի քիչ էլ հայհոյել, որից հետո քվեարկությամբ չի անցնի և վերջ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը այժմ բարձրացնում են ՀՀ կառավարության հրաժարականի հարցը, արդյոք դա օրակարգայի՞ն է, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Հարցը բարձրացնել, Դուք նկատի ունեք բլբլա՞լը: Եթե որևէ մեկը բլբլում է ինչ-որ բանի մասին, դա ուրիշ հարց է: Դրա համար կան ընթացակարգային մոտեցումներ: Իսկ եթե ընդամենը զրույցի մակարդակ է, իսկ առայժմ միայն զրույցի մակարդակ է, դա ծիծաղելի է: Արդյոք ՀՀ-ում Սերժ Սարգսյանից բացի ուրիշ դեմք կա՞: Տասը հատ Տիգրան Սարգսյան էլ հրաժարական տա, տասը հատ էլ հետ գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները: Չարժե, որ լուրջ ուշադրություն դարձնենք: Դա անում են նրա համար, որ արևի տակ իրենց տեղը զբաղեցնեն: Ուզում են ցույց տալ, թե գործիչ են, ինչ-որ բան են անում»:
Մեր այն դիտարկմանը, թե չեք վախենո՞ւմ, որ տպավորություն կստեղծվի, որ հիմա Տիգրան Սարգսյանին եք պաշտպանում, պարոն Հայրիկյանն ասաց. «Ես տպավորություններից երբեք չեմ վախեցել, ով ինչ տպավորություն ուզում է, այն էլ ստանում է: Կա ՀՀԿ, որը չկա, կա Սերժ Սարգսյան, ով մատը շարժի այս կողմ այն կողմ, ամեն ինչ դրանից է կախված: Մեծ եղբոր ասածը օրենք է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ