Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր ազգանվան ժամանակը

Փետրվար 14,2014 14:45

Եվ եղավ այնպես, որ Նոր տարվա գիշերը Հրանտ Մաթեւոսյան երեւելի գրողն ու ես գնացինք Երասխ` մեր կռվող տղաների նոր տարին շնորհավորելու: Մենք մեր բանակն էինք երազում, բայց այդ օրերին մենք բանակ չունեինք, ունեինք տղաներ, ովքեր կռվում էին` չունենալով նույնիսկ Երկրապահ պատվելի անունը:

Թերեւս մենք գնացել էինք հազարամյակներ ապրած մեր բանակի հետքերով եւ մեր ջահել ու նվիրյալ տղաների մեջ տեսնելու մեր ցանկալի բանակը:

Քանի որ մենք գիտեինք, որ յոթ հազար տարի առաջ մեր հեծելազորը Շումերից մինչեւ Եգիպտոս դրության տեր էր, երբ ուզում էին եւ թագավոր ունեին:

Բայց մի օր եղավ այնպես, որ Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին: Երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ ծիսակատարություն եղավ` որպես հայրենիքի փրկության ճանապարհ: Իբրեւ գտնվել էր հայոց մայրաքաղաքը փրկելու միակ ելքը:
Անին, միեւնույն է, այլեւս մնաց կախյալ: Հետո եկան թուրք-սելջուկները, ավելի ուշ՝ մոնղոլները, եւ արեւելքի Հռոմը վերջնականապես խորտակվեց. բնակիչները լքեցին մայրաքաղաքն ու հեռացան:

Թագավոր էր պետք, իսկ մեր թագավորին մենք ուրացել էինք: Եվ անպարտելին մնաց միայն հայոց Այրուձին: Հազարամյակների փորձության միջով անցած այդ մարտունակ ու կազմակերպված, բայց արդեն ցաքուցրիվ բանակը մնաց անթագավոր ու անսպարապետ:
Եվ զարմանալի բան. նույնիսկ այդ վիճակում Լենկ Թեմուրը, ով արդեն տիրացել էր աշխարհի կեսին, չկարողացավ ամբողջությամբ գրավել անթագավոր Հայաստանը: Նրա երկաթյա թումաններին դիմակայեց հայոց Այրուձին եւ չթողեց, որ Թեմուրը խորանա երկրում: Եվ Արեւելքի Մեծ Զինվորը հետագայում իր զորավարներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հայկական հեծելազորից:

Հետո, ավելի ուշ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր եւ սկսվել էր օսմանյան խավարը, հայոց Այրուձին որբ երեխայի նման հեռացավ հայրենիքից եւ դարձավ թափառական: Անղեկ, անառագաստ եւ աննավապետ՝ նրանք հայտնվում էին այնտեղ, որտեղ կռիվ կար, եւ որպես վարձու բանակ` ծառայում օտար տիրակալներին: Այդպես կռվեցին Կուլիկովյան դաշտում, մասնակցեցին Գրյունվալդի ճակատամարտին եւ հաղթողների մեջ էին…
Ի՞նչ եղավ հետո: Հետո արդեն իրենց հերոսի փառքով պսակած` հայ զինվորներն ու սպաները ցանկալի հյուր դարձան ռուսական եւ եվրոպական արքունիքներում: Եվ նվաղեցին, թուլացան հմայիչ կանանց տաք անկողիններում ու դադարեցին հեծյալ լինել: Այդպես կորցրին իրար, տարրալուծվեցին ավելի բախտավոր ազգերի մեջ, որ հետո ծնունդ տան նշանավոր զորավարների ու իշխանների, բայց արդեն օտար ազգանուններով:
Եվ այսօր վերադարձել է մեր ազգանվան ժամանակը:

Եվ շնորհավոր տոնդ, մեր Երկրապահ եւ մեր ազգային բանակ, մեր Այրուձի, որ վերադարձել ես տուն:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728