«Ուսանողների կարծիքը մեզ համար հետադարձ կապի լավագույն միջոցն է»,- այսօր՝ փետրվարի 14-ին՝ բոլոնյան գործընթացին Հայաստանի ուսանողության մասնակցության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքի շնորհանդեսի ընթացքում, հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը կարծում է, որ առաջին անգամն է, որ իրական գնահատական է փորձվել տալ ուսանողների սոցիալական խնդիրներին եւ կարիքներին:
Հետազոտությունը իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Հետազոտությունը անցկացվել է 1202 մագիստրատուրայի եւ բակալավրիատի առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների շրջանակում:
«Այ Փի Էս Սի» ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, հայտարարեց՝ հայ ուսանողներից քչերը գիտեն բոլոնյան գործընթացի մասին.
«Կրեդիտային համակարգը իրենից ներկայացնում է բոլոնյան գործընթացի բաղադրիչներից մեկը, եւ պարզվում է, որ կրեդիտային համակարգի մասին գիտեն ուսանողները, բայց ըստ էության չգիտեն, որ դա բոլոնյան գործընթացի բաղադրիչն է կազմում»:
Կարդացեք նաև
Ըստ հետազոտության՝ բակալավրիատում սովորող ուսանողների ռուսաց լեզվի իմացության ինքնագնահատականը միջին է, իսկ մագիստրատուրայում այն բարձրանում է: Նույնը չի կարելի ասել անգլերենի իմացության մասին. այն գերազանց կամ լավ գիտեն բակալավրիատի ուսանողների 36 տոկոսը, իսկ մագիստրատուրայի ուսանողների՝ 50 տոկոսը.
«Գնահատվել է այն հարցը՝ արդյո՞ք լեզվի ուսումնասիրությունը համալսարաններում արդյունավետ է: Ուրեմն՝ երբ ընդունվում են առաջին կուրս, ռուսերենի լավ կամ գերազանց իմացողների քանակը աճում է եւ մագիստրատուրայի վերջին կուրսում հասնում է շատ բարձր աստիճանի: Իսկ անգլերենի իմացության մակարդակը, ըստ էության, անընդհատ մնում է նույն մակարդակի վրա, իսկ մագիստրատուրայի վերջին կուրսում աճում է, սա նշանակում է, որ մագիստրատուրայի վերջին կուրսում ուսանողները սկսում են թեզեր գրել, ստիպված օտար լեզուներով գրականություն են կարդում եւ լրացնում են իրենց բացերը»:
Արմեն Աշոտյանը համարում է, որ հետազոտությունը պրոֆեսիոնալ մակարդակով է կատարվել եւ որեւէ կասկած չունի աշխատանքի որակի ու իսկության վրա.
«Ուսանողների պատասխանները բավականին երիտասարդական են, նաեւ մի շարք այլ հարցադրումների հետ կապված, բայց միաժամանակ հետազոտության ընթացքում օբյեկտիվության շատ մեծ տոկոս եմ տեսնում, օրինակ՝ մագիստրատուրան շատ տարբերվող կրթական ծրագիր է, քան բակալավրիատը»:
Նախարարը հրաժարվեց պատասխանել բոլոնյան գործընթացին չվերաբերող հարցերին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ