2012թ. հուլիսի խախտումից հետո վարչական դատարանի որոշումը քաղաքացին ստացել է օրեր առաջ
Փետրվարի 1-ի կնիքով ՀՀ վարչական դատարանից քաղաքացի Գ.Ղ.-ն ստացել է ծրար՝ վարչական դատարանի կարգադրությունը, որը թվագրված է 13.07. 2013 թվական:
Ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար, որը բացահայտվել էր տեսադիտման համակարգի միջոցով արձանագրվածի հիման վրա, Գ.Ղ.-ն ենթարկվել է 5000 դրամի չափով տուգանքի:
Վարորդը, ըստ տեսադիտման համակարգով արձանագրվածի, 04.07.2012թ. ժամը 19.08-ին Կոմիտասում՝ Վաղարշյան խաչմերուկի հատվածում, չի ենթարկվել թելադրող նշանին, խախտել է կանոնները:
5000 դրամը քաղաքացին տարել էր «ՎՏԲ-Հայաստան բանկ»: 04.09.2012թ. անդորրագրի համաձայն, գումարը քաղաքացին մուծել էր:
Օրեր առաջ քաղաքացին իմացել է, որ գոյություն ունի վարչական դատարանի դատավոր Ս.Հովակիմյանի վճարման կարգադրությունը, որը թվագրված է 13.07. 2013թ:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայցով դիմել է վարչական դատարան՝ Գ.Ղ.-ից 25 000 դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանությունն իր հայցը հիմնավորել էր նրանով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 124 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գ.Ղ.-ն ՃՈ ծառայության որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանքի 5000 դրամի չափով, որը հնգապատկվել է եւ դարձել 25 000 ՀՀ դրամ:
Ճանապարհային ոստիկանության հաշվարկն այն էր, որ իրավախախտը չի պահի իր մոտ բանկի անդորրագիրը, եւ ինքը հերթական անգամ, ուշացումով դատարան ներկայացրած իր հայցը կշահի:
Այդպես էլ եղել է: Առանց քաղաքացու մասնակցության, վարչական դատարանը որոշում է կայացրել 25 000 ՀՀ դրամի չափով հարկադիր կատարմամբ գումարի բռնագանձման մասին:
Վճարման կարգադրությունն ըստ էության ուժի մեջ է մտել 2013 թվականից:
Սակայն ինչո՞ւ է քաղաքացին այդ մասին տեղեկանում այս տարի, բնականաբար, զրկված լինելով ինչպես իր՝ բանկում մուծած գումարի անդորրագիրը դատարան ներկայացնելու, այնպես էլ տվյալ կարգադրության դեմ բողոք բերելու հնարավորությունից:
«Վարչական ակտը վերդասության կարգով չի բողոքարկվել», արձանագրել էր դատարանը, սակայն ինչպես, երբ այս մասին քաղաքացին իմացել է 1 տարի ութ ամիս հետո:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հետաքրքիր է, թե այս պատմությունը ինչով է ավարտվել կամ ավարտվելու: