Ուկրաինայի ընդդիմությունը երկրի նախագահ Վիտոր Յանուկովիչից հրապարակային պատասխանի է սպասում, թե արդյոք նա պատրա՞ստ է վերադառնալ 2004թ, սահմանադրությանը և թույլ տալ, որ ընդդիմությունը ձևավորի կառավարությունը, հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ հինգշաբթի Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչ պայմանով է նա պատրաստ գլխավորել կառավարությունը, Յացենյուկն ասել է. «Ես հիմա հրապարակայնորեն դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին, որպեսզի Ուկրաինայի նախագահը տա իր պատասխանները՝ դուք պատրա՞ստ եք վերականգնել երկրում իշխանության հավասարակշռությունը, դուք պատրա՞ստ եք, որ ընդդիմությունը ձևավորի Մայդանի ընդդիմադիր կառավարություն, ժողովրդի վստահության կառավարություն, դուք պատրա՞ստ եք, որ ընդդիմությունը՝ նոր կառավարությունը, գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի և այդ գործողությունների ծրագիրը ընդունվի խորհրդարանի ամբողջ կազմով… Մենք սպասում ենք նախագահի հրապարակային պատասխանին»:
«Բատկիվշչինա»-ի փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովն իր հերթին հայտնել է, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն իրենց հետ հանդիպման ժամանակ աջակցել է «այլընտրանքային կառավարություն՝ Մայդանի կառավարություն» ստեղծելու գաղափարը:
Հունվարի 25-ին ընդդիմության հետ հանդիպումից հետո Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էր ստաձնել վարչապետի պաշտոնը, իսկ մեկ այլ ընդդիմադիր առաջնորդի՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյին՝ փոխվարչապետի պաշտոնը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ