Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը

Փետրվար 14,2014 13:49

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը այս պահին քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ՝ «Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը»:
Ու չնայած դրան, միավորվում են ոչ թե բոլոր հինգ, այլ ընդամենը երկու մարմիններ՝ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության կառուցվածքներում գործող քննչական մարմինները: Սա առաջացրեց պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետաքրքրությունը՝ ինչո՞ւ հենց այս երկուսը: Ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուսադրեց, որ ապագայում ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն էլ կմիանան՝ երեւի, եթե այս առաջին քայլը հաջողություն գրանցի:
Այս եւ բազմաթիվ այլ հարցեր լուծելու համար ստեղծվում է այս միասնական քննչական մարմինը, որի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Օրենքի նախագծի երկուսուկես ժամ տեւած քննարկման արդյունքում 60 հոդվածները լավ «թափ տրվեցին», բազմաթիվ կետեր դրանցից հանվեցին: Այս կապակցությամբ Հրայր Թովմասյանը անեկդոտ հիշեց՝ «Մի խանութպան իր խանութի վրա ցուցանակ է դնում՝ այստեղ վաճառվում է թարմ ձուկ: Ընկերներից մեկն ասում է՝ ինչո՞ւ ես գրել այստեղ, դա ակնհայտ է, հո ուրիշ տեղ չի՞ վաճառվելու: Ջնջում է «այստեղ» բառը: Հաջորդ ընկերն ասում է՝ ինչո՞ւ ես գրել՝ վաճառվում է, պարզ է, որ խանութում պետք է վաճառվի, հո չե՞ն նվիրելու: Դա էլ է հանում, գալիս է երրորդ ընկերը՝ ինչո՞ւ ես գրել «թարմ», բա հո հին ձուկ չէ՞ր վաճառվելու: Ցուցանակի վրա մնում է միայն «ձուկ», երբ գալիս է չորրորդ ընկերն ու ասում է՝ ձկանդ հոտը մի կիլոմետրի վրա գալիս է, ինչո՞ւ ես գրել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728