Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքաչափո՞վ» է որոշվում արտիստի «գինը»

Փետրվար 14,2014 13:59

Շուկայական հարաբերություններում ամեն ինչն է ենթարկվում շուկայի չգրված օրենքներին, այդ թվում՝ նաեւ արտիստական աշխատանքը: Դա մեծ պահանջարկ ունեցող «ապրանքներից» մեկն է աշխարհում: Ի տարբերություն ուտելիքի եւ կենցաղային իրերի ամենատարբեր կարգի շուկաների, որոնց ապրանքը եւ գինը աչքի առաջ են, արտիստական շուկան տեսանելի ձեւով հայտնվում է միայն տարբեր տոնավաճառների, տոների եւ փառատոների օրերին, որտեղ հավաքական ձեւով ներկայացվում են հանդիսային արվեստների տեսակներն իրենց ժանրերով ու բազմազանությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր արտիստի հոնորարն ամրագրված է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անհրաժեշտ ծախսերի չափերի ցանկում: Այս մասին, պարզվում է, հայտնի է միայն մշակույթի նախարարությանը: Օրինակ՝ մյուս գերատեսչություններն ու կազմակերպությունները իրենց այս կամ այն միջոցառմանը հրավիրում են դասական եւ շոու- բիզնեսի ներկայացուցիչների՝ վճարելով «աչքաչափով»: Օրինակ, Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը վերջերս «Առավոտին» հայտնեց, թե գերատեսչություններից մեկը իրեն հրավիրել է միջոցառման ու իր մեկ բեմելը գնահատել ընդամենը 10.000 դրամ, մինչդեռ շոու- բիզնեսի ներկայացուցչին, այն էլ ոչ թե Շուշան Պետրոսյան, Հայկո, Անդրե ու նման այլ բարձրակարգ երգիչներ, ավելի քան 300.000 դրամ: Պարուհին շեշտելով, որ դա բնականաբար չէր կարող լինել մշակույթի նախարարությունը, խնդրեց, որ չհրապարակվի իր խոսքերով՝ քույր նախարարության եւ շոու- բիզնեսի ոչ փայլատակող աստղի անունը:

Մինչդեռ խորհրդային տարիների յոթ տասնամյակների վերջին մեկուկես-երկու տասնամյակի ընթացքում մի կերպ հասել էինք արտիստական աշխատանքների մասնագիտական հարաբերությունների հստակեցման փոքրիշատե ընդունելի ինչ- որ աստիճանակարգի: Սահմանված էին արտիստական աշխատանքների դրույքներ, որոնցով առաջնորդվում էին ոչ միայն մշտական հաստիքային աշխատանքների կանոնակարգման համար, այլեւ սահմանված էին մեկանգամյա ելույթների դրույքներ, որոնցով կազմակերպիչը կողմնորոշվում էր արտիստին հրավիրելու դեպքում եւ անկախ իր անձնական գնահատականից, պարտավորվում էր արտիստին վճարել սահմանված դրույքաչափը: Շուկայական հարաբերությունները, մերօրյա հայկական խիստ քմահաճ շուկայի համար այդ օրենքները բացարձակապես չեն գործում, որտեղ «նոր ձեւավորվող» պետության կողմից սահմանված «դրույք» ու «չափ» չկա եւ ամեն կարող ու անկարող կազմակերպիչ իր անձնական նեղ «աչքաչափով» որոշում է արտիստի գինը, այն հավասարեցնելով «բազարի» ապրանքների նկատմամբ առ ու ծախի վերաբերմունքի: Եթե հարսանիք, ծնունդ-կնունք կազմակերպելու կամ դրան մասնակցել ցանկացող արտիստների համար դա ինչ- որ կերպ ընդունելի է (քանի որ «անունով» արտիստները բավականին թանկ արժեն այդ շուկայում), ապա դա բացարձակապես անընդունելի է դասական կամ «պետական» արտիստների դեպքում, երբ պետությունը ազգային կամ միջազգային դաշտում ներկայացնում են պրոֆեսիոնալ արտիստները, որտեղ ռեստորանում աշխատող «շոու-բիզնես» կոչվող «բազարի» ամենաթանկ ներկայացուցիչը «կոպեկի արժեք չունի» միջազգային դաշտում եւ նույնիսկ տվյալ պետության համար ամոթ կլինի ներկայացնել այն արտիստին, որին «շատ հարգում ու սիրում են» միայն ռեստորանային «արվեստում»: Իսկ երբ պետական հանդիսային արարողությունների ընթացքում պետության ներկայացուցիչ կազմակերպությունները չեն կողմնորոշվում այս հարցում, ապա առաջ են գալիս անվերջանալի վիճահարույց խնդիրներ, որոնք նույնքան անվերջանալիորեն դառնում են անլուծելի՝ տեղիք տալով բախումների եւ առավել սրվող ֆինանսական գնահատումների՝ «կռիվների» ու «վիրավորանքների»: Իսկ եթե գործը մնում է ոչ մասնագետներին, ապա վերջիններս որոշում են արտիստի գինը, «բազար են անում» կամ «իրա ուզած գինը շպրտում են իրան»: Այդ միջոցառումներին հանգիստ մասնակցում են «շոու- բիզնես» կոչված շուկայի ներկայացուցիչները եւ ոչ մի կերպ չեն մասնակցում արվեստի ներկայացուցիչները՝ բավականին աղքատ վիճակով նվիրվելով իրենց արվեստին, բայց պահպանելով որոշակի աստիճանի մասնագիտական ինքնասիրություն, որի արդյունքում պետական կամ միջազգային դաշտում իրենց է վստահվում ներկայացնելու երկրի դեմքը, երկրի արվեստն ու մշակույթը: Իսկ «շոու- բիզնեսի» ներկայացուցիչներին մնում է իրենց «հալալ քրտինքով ռեստորաններում աշխատած» փողը, մեքենաները եւ միայն ազգային շուկայական շերտի «հարգանքը»՝ ավելի նրանց փողի նկատմամբ, քան թե իրենց «արվեստի»: Մինչդեռ պրոֆեսիոնալ արվեստագետին պետք է գնահատի, պահպանի, պաշտպանի եւ վճարի պետական համակարգը, քանի որ պետության դեմքը պրոֆեսիոնալ բեմի արտիստն է, ոչ թե հարսանիքներով հարստացած «երգիչը»: Եվ ժամանակն է, որ պետությունն էլ, փողատերն էլ հասկանան, թե՝ ով ով է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728