Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում զրկել նրանց մայթից նույնն է, թե զրկել նրանց սեփական ինքնությունից»

Փետրվար 14,2014 13:45

Հրատարակվել է հայ տրանսգենդերների մասին պատմող առաջին գիրքը

Վերջերս, մեր իրականության մեջ առաջին անգամ, հրատարակվել է Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» գիրք-ալբոմը, որի 7 «հերոսուհիները» հայ տրանսգենդերներ են՝ սեփական պատմություններով: Գրքի վրա աշխատելիս հեղինակը համագործակցել է ֆրանսաբնակ ֆոտոխմբագիր Մարկ Պրուստի հետ: Մասնագիտությամբ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը երկու կոլեգաների հետ 2012թ.-ից նախագծեր է իրականացնում, որոնց նպատակը դոկումենտալ լուսանկարչության խթանումն է ու մեզանում լուսանկարչական արվեստի այս ճյուղի հանդեպ հետաքրքրության աճը: «Առավոտը» հանդիպեց «Մենակության շտամպը» գրքի հեղինակի հետ:

«Տրանսգենդերները մեր հասարակության մեջ մի խումբ է, որի հետ սովորաբար չենք ուզում առնչվել… Նրանք տարօրինակ են, ճիշտ չէ՞»,- զրույցի սկզբում նշեց Նազիկ Արմենակյանը: Ռեպլիկին՝ ուրեմն ինչի՞ համար է այս գիրքը եւ ինչո՞ւ եք մեզ «պարտադրում» առնչվել նման մարդկանց լուսանկարներին ու պատմություններին, մեր զրուցակիցը իբրեւ պատասխան մեջբերեց Մարկ Պրուստի գիրք-ալբոմի առաջաբանից. «Հայտնի է, որ տրանսգենդերները զուգվում-զարդարվում են, չափազանցում են իրենց ինքնահավանությունը, դեմքի շպարը, ընդհանրապես ամեն ինչը եւ, ի վերջո, դուրս են գալիս փողոց՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Նրանք մի աշխարհից են, որին մենք չենք պատկանում եւ չենք ցանկանում որեւէ կապ ունենալ: Այս պատկերների միջոցով մենք անցնում ենք այն ճանապարհով, որով անցել է լուսանկարիչը: Նախ՝ գալիս է պատկերը, որը հաստատում է տրանսգենդերների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, նրանք հանդես են գալիս թեթեւաբարո, սանձարձակ եւ փոքր-ինչ շփոթեցնող տեսքով: Ինչքան խորանում ենք, շպարի հետեւում սկսում ենք նկատել դեմքերը, գունեղ հանդերձանքի ներքո՝ մարմինները: Սկսում ենք տեսնել եւ աստիճանաբար ծանոթանալ մարդկանց, ովքեր ունեն սովորական երազանքներ եւ առօրյա պայքար…»: Հավելեց նաեւ, թե նման նախագծերի կարեւորությունն այն է, որ դրանք անկեղծ են, չեն փորձում մերժել իրականությունը, այլ ի ցույց են դնում, այս դեպքում՝ տրանսգենդերների կյանքը ինչպես կա, բացահայտում են կարեւոր նրբերանգներ, ծանոթացնում, թե ինչ կա խորքում եւ վեր հանում նախկինում քողարկված պատկերներ:

Նազիկ Արմենակյանին խնդրեցինք պատմել նրանցից մեկի մասին: Նշելով, որ իր «հերոսուհիների» անունները փոխված են, ներկայացրեց 18-ամյա Կառային, որն իր մասին հայտնել է հետեւյալը. «Ես երեք տարեկան էի, երբ մամաս գնաց Ամերիկա: Պապաս հարբեցող էր, մինչեւ հիմա էլ ահավոր հարբեցող է: 6 տարեկան էի, երբ մայրս վերադարձավ, իսկ այդ երեք տարվա մեջ պապայիս կողմից շատ ծեծ եմ կերել: Առաջին անգամ սեռական կապ ունեցա մորաքրոջս տղայի հետ, երբ 5 տարեկան էի: Չէի հասկանում, թե դա ինչ է… Երրորդ դասարանում էլ սիրահարվեցի մի տղայի: Թղթի վրա գրեցի, որ սիրում եմ ու ուզում եմ նրան: Նա այդ թուղթը քսերոքս արեց ու կպցրեց դպրոցի պատերին: Տնօրենը ծնողներիս կանչեց, ու ինձ դպրոցից հեռացրին: Երբ առաջին անգամ այգի իջա, 16 տարեկան էի: Չէի էլ պատկերացնում, որ ինձնից բացի, նման մարդիկ կան… Մայրս գիտի, որ մարմնավաճառությամբ եմ զբաղվում: Ճիշտ է, չի ընդունում, բայց մի անգամ, երբ եղբայրս ինձ տեսել էր փողոցում կանացի հագուստով ու պատմել տանը, տնեցիք ինձ ասացին՝ լավ կլինի՝ տնից հագնվես-գնաս: Ու մայրս լաց եղավ: Միայն այս վերջերս, երբ ծնողներս հասկացան, որ ես վերջնական պոռնիկ եմ, նոր սկսեցին ինձ բացատրել, որ դա վատ է, պետք չէ անել… Ես անպայման կամուսնանամ, երեխա կունենամ, թեեւ ոչ մի անգամ կնոջ հետ չեմ եղել: Չեմ էլ պատկերացնում, որ գեներս իրեն կփոխանցվեն: Բայց եթե նույն բանը կրկնվի, իմանամ, որ իմ տղան տղա է սիրում, ինչ անենք՝ կհասկանամ…»:

6-1-1

Գիրք-ալբոմի
«հերոսուհիներից» մեկը:

Նազիկ Արմենակյանը համոզված է, որ իր «հերոսուհիները»՝ Կառան, Լայման, Լորենան ու մյուսները ոչ մեկին չեն կարող բողոքել. պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 179 1 հոդվածով, ինչը հայտարարել է օմբուդսմենը: «Մեզ մոտ բողոքելու տեղ չկա: Երեւանում հենց տղամարդը կնոջ շոր հագավ ու դուրս եկավ փողոց, նրա տեղը այլեւս մայթն է: Օմբուդսմենն էլ փողոցը մաքրելու իր կոչով զրկում է հերոսուհիներիս իրենց միակ իրավունքից՝ շնչելու իրավունքից: Երեւանում զրկել նրանց մայթից նույնն է, թե զրկել նրանց սեփական ինքնությունից, որը նրանք պահպանում են դաժան գնով»,- համոզված է մեր զրուցակիցը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Նազիկ Արմենակյանն ու Մարկ Պրուստը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Դուք ձեզ լրիվ եք կորցրել Նազիկ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728