Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նկարչությունը միջոց է լիցքաթափվելու, մաքրվելու, հոգևոր հանգստության մեջ գտնվելու» (Ֆոտոշարք)

Փետրվար 14,2014 13:27

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արթուր սարկավագ Աբգարյանը նկարել սկսել է դպրոցական տարիքից, մասնակցել Մեծամոր քաղաքի Մշակույթի տանը կազմակերպված նկարչության խմբակներին: «Ճեմարանում ուսանելու տարիներին, երբ առիթ ընձեռվեց ծանոթանալու սրբազան մատյաններին, մանրանկարներին, քրիստոնեական խորհրդանշաններին, ցանկություն առաջացավ տարբեր ձեռագիր մատյաններից քաղված պատկերները կրկնօրինակելու»: Նկարչական ուղղություններից Արթուրը նախընտրում է մանրանկարչությունը. «գուցե նրա համար, որ մանրանկարների թեմատիկան միջոց է մեկ անգամ ևս հաղորդ լինել Աստծու խոսքին ու պատգամին»:

Աստծո խոսքին ու պատգամին սարկավագը հաղորդ է եղել մանկությունից` մասնակցելով եկեղեցական արարողություններին, շփվելով ճեմարանականների ու եկեղեցականների հետ. նրա՝ հոգևորականի ուղին պատահական չէ ընտրված. «առ Աստված քայլերս մարմնացան շնորհիվ ավանդապահ ընտանիքիս քրիստոնեական դաստիարակության»: Հոգևորական դառնալու ցանկությունն ավելի է արմատավորվում ազգային բանակում ծառայելու տարիներին, երբ Արթուրն առիթ է ունենում շփվելու զորամասի հոգևոր սպասավորների հետ: Այս ամենը ծնունդ է տալիս հոգևոր ասպարեզում գործնական մասնակցությանը:
«Ոչ միայն հոգևորականի, այլև յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի գլխավոր նախապայմանն աղոթքն է»,-ասում է Արթուրը: Սակայն եթե նրան հարցնենք, թե երբ կամ ով է սովորեցրել աղոթել, կդժվարանա պատասխանել: «Մանուկ հասակից «Հայր մեր»-ը և որոշ աղոթքներ ինքնաբերաբար արտասանել եմ: Եվ, գոհություն Աստծու, այդ աղոթքների շնորհիվ մշտապես զգացել եմ Տիրոջ ներկայությունը, բազում խոչընդոտներ և դժվարություններ, որոնք մարդկային կարողություններից և ուժից վեր էին, Տիրոջ զորակցությամբ հաղթահարել եմ»: Աստծո ներկայությունն Արթուրին մշտապես ինքնավստահություն է ներշնչել: «Հիշում եմ` Գևորգյան ճեմարանի ընդունելության քննությունների ժամանակ շատ էի լարվում և հուզվում: Այդ ապրումները հաղթահարելու համար քննությունից առաջ խաչակնքվում էի` շուրջս նայելով, որպեսզի ոչ ոք չնկատի, ապա մտքումս «Հայր մեր» աղոթքն արտասանելով մտնում էի քննության: Այս ամենից հետո այլևս քննությունները ձախողելու մտավախության զգացումն ու հուզմունքը հօդս էր ցնդում»: Այսօր էլ, առօրյա արարողություններից զատ, պատասխանատու քայլերից առաջ սարկավագը Ներսես Շնորհալու օրվա քսանչորս ժամերի համար գրված աղոթքներն է արտասանում և շարժվում Աստծու նախանշած ճանապարհով, «քանզի, Տիրոջ պատգամի համաձայն, լավ է Աստծուն հուսալ քան մարդկանց ապավինել»:
Բազմազան ու հագեցած է Արթուր սարկավագի առօրյան` աշխատանք, ընթեցանություն, ժամերգություններ, հանդիպումներ, քարոզներ և այլն:

Նրա համար մտահոգիչ են արդի բազում խնդիրներն ու մարտահրավերները, որոնք մարդուն հեռացնում են Աստծուց, խաթարում եկեղեցասեր և հայրենասեր երիտասարդների գործունեությունը: «Ժամանակակից կյանքում առավել չափով զգալի է օտարամոլության, ինչպես նաև դրսից ներմուծված կեղծ և կասկածելի գաղափարների ազդեցությունը երիտասարդների կյանքում: Այս ամենի համայնապատկերում ակնհայտ է, որ երբ բարոյական արժեքներն անտեսվում և չեն պահպանվում, անհատն իր ուժերը կենտրոնացնում է բացառապես սեփական բարեկեցության վրա` անտեսելով մյուսներին, ընդհուպ մինչև լիակատար անփութություն մարդկային կյանքի նկատմամբ: Ուստի, դասեր քաղելով մեր ժողովրդի պատմությունից, պետք է հավատարիմ մնանք մեր նախնյաց ուղենշած ճշմարիտ ուղուն և անսասան պահենք մեր հավատքը»,-ասում է մեր զրուցակիցը:

Վաղը Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, և երիտասարդ հոգևորականից փորձեցինք պարզել` փորձե՞լ է նա աղաբլիթ և հավատո՞ւմ է այդ սովորույթին: Նրա խոսքով` Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշական է ոչ թե աղի բլիթ ուտելու ժողովրդական սովորությամբ, այլ առիթ` արագահաս Սուրբի բարեխոսությունը հայցելու: «Մեկ անգամ փորձել եմ աղաբլիթ, բայց ապագա կողակցիս կամ հարսնացուիս երազհայտնության փոխարեն ամբողջ գիշեր ծարավից տանջվել եմ»,-անկեղծանում է Արթուրը: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նրա ապագա կողակիցը. սարկավագի համար կնոջ կատարյալ կերպարը լավագույնս ներկայացված է Տիրամոր օրինակով: «Իմ պատկերացմամբ` կնոջ զարդարանքը հոգու հարստությունը, կենդանի հավատքը, համբերատարությունը, անմեղությունն ու խոնարհությունն են»:

Իսկ կողակցին, բարեկամին, մինչև իսկ թշնամուն լավագույն նվերը սերն է` Աստծու կողմից մարդուն տրված մեծագույն շնորհը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի սերը. սարկավագն այս հարցին պատասխանում է Առաքյալի խոսքերով. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը` մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. 13:1-2):

PrevPhoto
NextPhoto

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728