Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Գումարները գանձվելու են, քանի որ օրենքը գործում է» (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 13:20

«Դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, որից իրենք օգտվում են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բողոքի ակցիաներին՝ այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

Այնուհետև նկատեց. «Բոլորս բողոքում ենք, որ անարդյունավետ է այս կենսաթոշակային համակարգը, բոլորս էլ գիտենք, որ թոշակները քիչ են: Այս համակարգի հիմքում ոչ թե սերունդների համերաշխությունն է, այլ այն առաջարկում է, որ յուրաքանչյուր անհատ ինքը ձևավորի իր ապագա թոշակը, ստացվում է` պետությունն ու անհատը միասին ձևավորում են իրենց ապագան»:

Արդարացնելով իշխանությանը՝ պարոն Նիկոյանն ասաց. «Իշխանությունն այս ոչ պոպուլյար քայլին գնաց, որպեսզի հետագայում ապահովի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Կա երկու մոտեցում` քաղաքական և պարզապես անձինք, ովքեր չեն հավատում: Այստեղ պետությունը չի տնօրինում այդ գումարները: Կա հավատի և վստահության խնդիր, բայց եթե այդ մտահոգությունը լիներ կապված միայն ՀՀ-ի հետ, հասկանալի կլիներ, բայց այս հիմնադրամները հզոր կազմակերպություններ են»:

Լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ որոշումը պատժամիջոցներից ազատում էր բոլոր այն կազմակերպություններին, ովքեր չեն փոխանցի կուտակային վճարները, պարոն Նիկոյանը շեշտեց. «ՍԴ որոշումը վերաբերում էր պատժին, որ չի կարելի պատժել, եթե մուծում չի կատարել: Բայց պարտադիրի էլեմենտը չի հանել: Օրենքը գործում է և օրենքը պետք է գործի հունվարի մեկից: Այո իհարկե, գումարները գանձվելու են, քանի որ օրենքը գործում է: Դա օրենք է, և գումարները պարտադիր պետք է փոխանցվեն»:

Aravօt.am-ի հարցին՝ եթե այդքան լավ համակարգ է, ինչո՞ւ մինչև այժմ ոչ ոք, այդ թվում նաև իշխանական դաշտից ու նրա մերձավորներից, կամովին ցանկություն չի հայտնել այս համակարգին միանալու մասին. «Կամավոր և պարտադիր համակարգերն իրենց արդյունավետությամբ տարբերվում են: Կամավորի դեպքում պետությունը այդքան գումար նախատեսո՞ւմ է: Հիմա կա վստահության պակաս: Պետությունն ուզում է քաղաքացու գործը թեթևացնել,քանի որ կենսաթոշակային այն համակարգը որ գործում է իրեն չի արդարացնում»,- պատասխանեց նա:

Մեր մյուս հարցին՝ ՀՀԿ-ի համար օրակարգայի՞ն է արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ կառավարության հրաժարականի պահանջը, պարոն Նիկոյանը պատասխանեց, թե դա բնական է, միշտ էլ կառավարությունից դժգոհություն եղել է: ՀՀԿ-ՀԱԿ երիտասարդների վերջին ընդհարումների մասին պարոն Նիկոյանն ասաց. «Երիտասարդները լայնախոհ պիտի լինեն և միմյանց տրորելու մոլուցքից դուրս գան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728