Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ. «Մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին»

Փետրվար 14,2014 13:08

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի այսօր կազմակերպած «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովեյանը սկանդալային հայտարարություն արեց: Նա մեղադրական խոսքեր հնչեցրեց էկոնոմիկայի նախարարության հասցեին, որը խոչընդոտում է տեսչության ներկայացրած փաթեթը խորհրդարանի դատին հասնելուն: «Մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին»,- ըստ բանախոսի` ասել է նախարարության բարձրաստիճան չինովնիկներից մեկը: Նա սակայն, չտրվեց հնչող հորդորներին եւ չբարձրաձայնեց «դավաճանի» անունը: ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոստացավ, որ ինքը կհնչեցնի այդ անունը`զերծ պահելով պետական չինովնիկին հնարավոր պատասխանատվությունից:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանն ասաց. «Ես չգիտեմ հատկապես ո՞ր չինովնիկի մասին է Մարինեն ասում, բայց այդ չինովնիկները շատ են`նրանք, ովքեր իշխանության բարձրագույն օղակներում են եւ ովքեր կոչված են Հայաստանում իրականացնել ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեւոր քաղաքականություն»:

Տիկին Գալստյանի կարծիքով ազգի գոյատեւման նախապայմաններից մեկը հոգեւորի գիտակցումն է: Նա նկատեց, որ դեռ 2002-ին մշակված լեզվական քաղաքականության ծրագիրն այդպես էլ չգործադրվեց:

Մի դեպք էլ իր պատգամավորական գործունեությունից մեջբերեց. «Մի օր էկոնոմիկայի նախարարը`Երիցյանը, մի նախագիծ էր բերել ու գրեթե բառերի կեսը տառադարձված օտար բառեր էին: Երբ ես պնդեցի, որ պետական լեզվով ամեն ինչ ներկայացվի, նա ասաց`եթե հայերեն տառերով է գրված ամենը, մի՞թե արդեն հայերեն չի»:

Սրանից մեր զրուցակիցը եզրակացնում է, որ այս գիտակցումով իշխանությունը հոգեւոր քաղաքականություն վարելու ունակություն էլ չպիտի ունենա. «Այնպես որ, այդպիսի չինովնիկները շատ են, ամենուր են եւ վերեւում են»:

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովեյանն իր խոսքում նաեւ նկատեց, որ տեսչությունը ի սկզբանե ստեղծվել էր, իբրեւ ոլորտում խնդիրները համակարգող մարմին, բայց հետագայում, անհասկանալիորեն ընդգրկվել է ՀՀ կրթության ու գիտության նախարարության կազմի մեջ`«վերածվելով այստեղ ու այնտեղ կրակներ մարող մարմնի, ոչ թե քաղաքականություն իրականացնող»:  Ի դեպ, քննարկման մասնակիցներից ոմանք տեղից արձագանքեցին, որ այդ փոխատեղումը «շատ էլ հասկանալի» էր:

Տիկին Հովեյանն, ըստ էության, տեսչության կարգավիճակի բացակայությամբ հակադարձեց բոլոր հնարավոր մեղադրանքներին, որոնք ուղղված էին ոլորտում քաղաքականության բացակայությանը:

Այժմ կառավարությունը տեսչական բարեփոխումների փուլում է, դրված են այլ պահանջներ, ինչը, ըստ բանախոսի հույսեր է ներշնչում. «Պետք է խփել ոչ միայն տնտեսվարողի գրպանին, այլ նաեւ գիտակցությանը: Լեզուն ոչ գույքային շահ է, ու քանի որ պետությունը գույքային շահն է վերահսկում, հիմա մենք հաճախ անգամ ստուգումներ իրականացնելու իրավունքը չունենք»:

Նա նկատեց, որ վարչական դատարանն էլ այսօր պաշտպանում է տնտեսվարողի շահը, ոչ թե պետության: Ասաց, որ նախկինում, առաջին ատյանի դատարաններն առավել լավ էին պաշտպանում պետության շահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Էդ ոնց որ Երիցյանի անունը տալիս են, իսկ էն մյուսինը` ոչ: Չնայած դրանք համարյա բոլորն էլ նույնն են: Հիմա ոնց չհիշես նորից Ինչ, որտեղ , երբ հաղորդումը: Ու նման համատարած` շեշտում եմ` համատարած մտածելակերպի անվերջանալիությունում ես այո, ամաչում եմ, որ հայ եմ: Բայց ստացվում է, որ մեղավորը ես եմ, իմ աշխարհընկալման համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728