Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան-10

Փետրվար 14,2014 12:14

Հայաստանի կուսակցությունների մասին խոսելով` անհնարին է շրջանցել մի հանգամանք, որը մեզանում երկու տարասեռ ու հակադիր անվանում ունի` արևմտամետություն ու ռուսամետություն: Թվում է թե` մեզանում պարզորոշ ուրվագծված ու հստակեցված են արևմտամետ և ռուսամետ կուսակցությունները, և ժամանակ առ ժամանակ մեծամտորեն կարծում ենք թե վերջնականապես գլուխ ենք հանում նրանցից ու նրանց կողմնորոշումներից, բայց երբ հերթական անգամ քաղաքական կողմնորոշման հարցը կտրականապես է ծառանում ու ծանրանում Հայաստանի իշխանությունների, կուսակցությունների ու ժողովրդի առաջ, վերստին մի էնպիսի գաղափարական ու քաղաքական շիլաշփոթ է առաջանում, որից որևէ մեկս գլուխ չի հանում:

Էդպիսի իրավիճակ առաջացավ աշնանը, երբ հանկարծակի հայտնի դարձավ, որ Հայաստանը, ի դեմս մեր երկրի բարձրագույն իշխանության, Մոսկվայի ու անձամբ Պուտինի առաջ պարտավորություն է ստանձնել` անդամակցելու Մաքսային միությանը:

Թվում էր` Սերժ Սարգսյանի այս որոշման դեմ ամենից ուժգին մեր արևմտամետները պիտի աղմկեին, մինչդեռ մեր թիվ մեկ արևմտամետ ու հակաիմպերիալիստ Պարույր Հայրիկյանը ռուսական իմպերիալիզմի այս Մաքսային տեսլականի դեմ ոչ թե աղմկում, այլ ընդամենը դայլայլում է, ընդ որում` Մաքսայինի հարցում ոչ թե Հայաստանի իշխանություններին մեղադրելով, այլ միայն` իմպերիալիստական Ռուսաստանին և անձամբ Պուտինին:

Եվ մեր մյուս արևմտամետներն էլ են Մաքսայինի հարցում Հայաստանի իշխանություններին ընդամենը թույլից չափավոր քննադատում` բացառությամբ «Ժառանգության», ավելի ճիշտ` բացառությամբ Զարուհի Փոստանջյանի: Եվ Զարուհին էլ ոչ թե կոնկրետ Մաքսայինի առիթով է քննադատում, այլ` ցանկացած առիթով: Իսկ ինչ վերաբերում է Մաքսայինին, էդ առթիվ հիմնականում Ալեքսանդր Արզումանյանն ու Դավիթ Շահնազարյանն են ելույթներ ունենում, ընդ որում` էդ հարցում վերջիններիս մոտեցումները ոչ թե կուսակցական են, այլ` միանգամայն անհատական: Եվ Մաքսայինի հարցում ինտերնետային կայքերում Իգոր Մուրադյանն էլ է ժամանակ առ ժամանակ անհատական մոտեցումներ հանդես բերում:

Եվ շատ ուրիշներն էլ են հանդես գալիս` դեմ կամ կողմ, մինչդեռ կուսակցական ու համակարգված վերաբերմունք ու մոտեցում չկա, և նմանապես «մայդան» չկա: Եվ շատ տրամաբանական և նույնիսկ բնական է, որ «մայդան» չկա, որովհետև նրանք, ովքեր պիտի «մայդան» ձևավորեին, կամ իշխանության մեջ են, կամ էլ` ընդդիմություն չեն: Եվ եթե ընդդիմություն էլ են, առանձնապես արմատական չեն: Եվ ընդհակառակը. նրանք, ովքեր որպես ընդդիմություն առավել արմատական են, առանձնապես արևմտամետ չեն: Եվ եթե նույնիսկ ռուսամետ էլ չեն, հավասարապես են հիասթափված Արևմուտքից ու Ռուսաստանից:

Եվ Մաքսայինի հարցում նույնիսկ ՀՀԿ-ի ներսում կարծես թե միասնական կարծիք ու դիրքորոշում չկա, և ակնհայտ է, որ Մաքսայինի հարցում իշխանամետներից ոչ բոլորն են Գեղամյանի կամ, ասենք, Բաբուխանյանի կարծիքին, և իշխանամետներից ու իշխանավորներից ոմանք էլ` Շավարշ Քոչարյան և ուրիշներ, Մաքսայինի հարցում իրենց կարծիքը հմտորեն կոծկում են:

Եվ  կուսակցություններին վերադառնալով` մի անգամ ասել եմ ու հիմա էլ պիտի կրկնեմ, որ Հայաստանի կուսակցություններից միակը կոմունիստներն են, որոնք բացեիբաց ու կուսակցականորեն են արտահայտվել Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ, մինչդեռ մնացածները` կողմ կամ դեմ, բացեիբաց ու հասկանալիորեն չեն արտահայտել իրենց դիրքորոշումը: Եվ իրականում նույնիսկ շարքային քաղաքացիների ու մանավանդ տաքսիստների չափ չեն խորացել էդ հարցի մեջ. այսինքն, ինչպես շատ ու շատ հարցերում, այս հարցում նույնպես բացակայում է քաղաքական լուրջ մոտեցումը: Եվ վերջնական տպավորություն կա, որ մեր կուսակցությունների ու կուսակցականների խնդիրները ոչ թե հասարակական ու քաղաքական են, այլ` հիմնականում անձնական: :

Հիմնականում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728