Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը բարձրացնում է Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարցը, ՀՀ իշխանավորները այդ հարցը «ակտուալ» չեն համարում

Փետրվար 14,2014 12:09

«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը… պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ: Շատ բան պետք է նորից յուրացնել»,-այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:  Այս հայտարարությունից պարզ է դառում, որ ՌԴ մաքսապետը բարձրացնում է Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարցը, ինչի վտանգի մասին Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո մտահոգություն էին հայտնել հայաստանյան տարբեր շրջանակների գործիչներ:

Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց` ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել ռուսական կողմի այս մտադրությունը: Նա նշեց. «Եթե Հայաստանն ընդունի ռուսերենը` որպես Մաքսային միությունում օգտագործվող լեզու, մենք կկորցնենք ևս մեկ տարածք, որտեղ օգտագործվում է հայերենը: Արդյունքում հայերենը կթուլանա: Ես սրան ուղղված միտում եմ տեսնում այս հայտարարության մեջ»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ-ն արդեն գործընթացի մեջ է, հիմա ինչպե՞ս կարող է խուսափել նման իրավիճակներից, պարոն Ապատյանն այսպես արձագանքեց. «Գործընթաց մտնել-չմտնելը նշանակություն չունի, քանի որ ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել համապատասխան տեղեկություններից հայերեն լեզվով: Եվ այն գործառույթները, որոնք կատարվում են այդ կազմակերպությունների միջև՝ կարող են զուգորդվել անհրաժեշտ թարգմանությամբ: Այս հայտարարությունը կարող է շատ տարբեր բաներ նշանակել: Ռուսական կողմին ամենից հեշտը կլիներ, որ ուղարկեին ռուսերեն լեզվով գրված թղթեր` առանց թարգմանության և ամենուրեք օգտագործեին`գլխացավանքներից հեռու կլինեին: Բայց դա բացարձակապես Հայաստանի համար ընդունելի չէ: Ինքնիշխանության զիջումը միանգամի չի լինում, այն բաղկացած է նման տարրերից, իսկ լեզուն շատ կարևոր տարր է, որը մենք ոչ մի դեպքում չպետք է զիջենք»:

Artak-Davtyan

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այս խնդրի բարձրացումը «ակտուալ հարց չի համարում» ու նշում է. «Ոնց որ թե գույները շատ խստացրիք: Եթե խոսքը հաղորդակցությանն է վերաբերում, ապա նշեմ, որ հայերենի կրողները 10 միլիոն են, ռուսերենով հաղորդակցվողները` 3 հարյուր միլիոն: Բնական է, որ 3 հարյուր միլիոնին դժվար է պարտադրել, որ 10 միլիոնի լեզուն սովորեն: Եվ հաղորդակցության համար կոնկրետ Մաքսային միության տարածքներում պետք է իմանան ռուսերենը»:

Կապված այն դիտարկման հետ, թե հնարավոր է թարգմանություն ապահովել, պարոն Դավթյանն արձագանքեց. «Եթե հարցը միջազգային բեռնափոխադրումներին է վերաբերում, ապա այդտեղ այժմ էլ հայերենը չի գործածվում: Թարգմանություն կարող ես ապահովել, եթե ՀՀ-ն սահմանակետ ունի, իսկ եթե չունի, ո՞նց ես ապահովում: Ասենք վրացիներին, Չինաստանից ապրանք ստանալու դեպքում ղազախ սահմանապահին ասենք, որ իրենք հայերեն սովորեն: Մենք մեզ համար հսկայական խնդիրներ ենք ստեղծում ու հետո կսկսենք դրանք հերոսաբար հաղթահարել»:

Արտակ Դավթյանը ոչ միայն ինքնիշխանության կորստի վտանգ չի տեսնում, այլև պնդում է. «ՀՀ-ում և սահմանադրությամբ, և օրենքներով ասվում է` որն է ՀՀ պետական լեզուն: Իսկ եթե մենք մեր ինքնիշխանությունը ՌԴ-ում կամ ասենք Բրեստում պիտի պաշտպանենք, ապա դրանք իրարամերժ հասկացություններ են: Ինքնիշխանությունը ենթադրում է, որ ավելի բարձր իշխանություն գոյություն չունի: Կարծում եմ, որ պիտի Բրեստում էլ ավելի բարձր իշխանություն գոյություն չունենա, քան Բելառուսի իշխանությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ Խոսնակ says:

    «Ոնց որ թե գույները շատ խստացրիք … ………………………………………Մաքսային միության տարածքներում պետք է իմանան ռուսերենը»:

    «Ինչ ճարպիկ եմ ու խելացի, է՜, այսպիսի սահուն անցում էլ ո՞ր մի քաղաքական գործիչը կարող էր անել, գոնե ՀՀԿ-ում իմ նմանը չկա՝ առանց ձեռքերս օգտագործելու ինքս իմ քեֆն եմ բերում, ա՜խ:»

  2. devid says:

    Չզարմացնեն իրենց լեզվով, պրիմիտիվ լեզու է:Էս բարդ ազգի բարդ լեզուն իմացողի համար բացի ճապոներենից բոլոր լեզուներն են մի բաժակ ջուր:Իմանալն ուրիշ բան է, քոնը համարելն ուրիշ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728