«Փաստիֆո»-ի հարցերին պատասխանել է էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը` անդրադառնալով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում կայացած ստուգումների, դրանց արդյունքում կիրառված տուգանքի և մամուլում այս թեմայի շուրջ ծավալված քննարկումներին:
– Նախարարությունում կայացած նիստի վերաբերյալ, որտեղ որոշվել է հենց «Վաղարշ և որդիներ կոնցեռնի» նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
– Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում վերջնականապես պետք է որոշվեր, թե ինչ տուգանքի է ենթարկվելու «Վաղարշ և որդիներ կոնցեռնը»: Կազմակերպության տնօրեն Նունե Նալբանդյանը և կոնցեռնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նիստին չներկայացան, փոխարենը եկան Վ.Աբրահամյանի որդին, ով ներկայացավ որպես Վաղարշ Աբրահամյանի խորհրդական, և անվտանգության աշխատակիցը: Նրանք, բնականաբար, լիազորագիր չունեին, լիազորված չէին նիստին մասնակցելու, բայց նրանց թույլ տվեցինք մասնակցել: Նրանք նաև փաստաթղթեր էին բերել, ընդունեցինք այդ փաստաթղթերը: Հաջորդ օրն արդեն Աբրահամյանի որդին ներկայացավ իրավաբանի ուղեկցությամբ, որն արդեն ուներ լիազորագիր՝ Նունե Նալբանդյանի կողմից տրված: Նա ստացավ նիստի արդյունքում կայացված 65 մլն դրամ տուգանքի որոշումը: Հիմա կամ եռօրյա ժամկետում կվճարի տուգանքը, կամ այն պետք է բողոքարկի դատարանում:
– ի՞նչ խախտումների արդյունքում է գոյացել 65 մլն դրամի տուգանքը և ի՞նչ ժամանակահատված են ընդգրկել ոսկու շուկայում կատարված տեսչական ստուգումները:
– Ստուգումները կատարվել են 2013թ. դեկտեմբերի 9-ից 13-ը: Ընկերությունում նաև գործունեության լիցենզիան կասեցնելու հիմք հանդիսացող խախտումներ էին հայտնաբերվել, որոնց մասին զեկուցվել է Էկոնոմիկայի նախարարին, քանի որ լիցենզիայի կասեցումն արդեն նախարարի իրավասությունն է: Մենք ընդամենը զեկուցագրով ներկայացրել ենք, թե ինչեր ենք հայտնաբերել: Եվ հաջորդն արդեն յուրաքանչյուր խախտման համար տուգանքը 50 000 դրամ է, այսինքն` դա գումարվում է և ստացվում այդ մայր գումարը: Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ, որոնք արձանագրվել են, և նիստի ընթացքում ու դրանից առաջ «Վաղարշ և որդիներ կոնցեռնը» բերեց իր փաստարկները, հիմնավորումները, ինչ-որ փաստաթղթեր ներկայացրեց: Արդյունքում՝ նախապես հայտարարված 95 մլն դրամը նվազեց մինչև 65 մլն-ի, կային բաներ, որ վիճելի էին, ընդունեցինք իրենց փաստարկները, և նիստի արդյունքում նշանակվեց վարչական տուգանք՝ 65 մլն դրամ: Մեր ուզածն այն չէ, որ այդ շուկան տուգանվի, կամ լիցենզիայից զրկվի: Մեր ուզածն այն է, որ սպառողն իրեն պաշտպանված զգա, որ գնա ոսկի գնելու, 100%-ով համոզված չլինի, որ իրեն խաբելու են:
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում