Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդի հայոց լեզուն, երեւանյան ժարգոնը եւ պետության անտարբերությունը եւ մեր քաղքենիությունը

Փետրվար 14,2014 11:55

Այսօր, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի կազմակերպած «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» թեմայով քննարկման ժամանակ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը մեջբերումներ արեց ՀՀ օրենքներից, որոնք ամրագրում են լեզվի տեղը, դերը եւ նշանակությունը մեր պետության, պետականության եւ ազգապահպանության գործում:

Անդրադառնալով արդեն իրականացման փուլին, բանախոսը նկատեց. «Մենք այս բոլորը լավ գրել ենք, բայց դպրոց տանում ենք, այն ինչ ունեցել ենք տասնամյակներ շարունակ`չոր քերականություն: Եվ 12 տարի սովորելուց հետո, հայախոս շրջանավարտը, հայերեն միջավայրում մեծացած մարդը չի կարողանում գրավոր եւ բանավոր շարադրել իր մտքերը»: Պատճառն, ըստ նրա, դասավանդման եւ այն միջոցների մեջ է, որը տրվում է ուսուցիչներին:

Վիճակը շտկելու համար Դավիթ Գյուրջինյանը կարծում է, որ նախ պետք է քերականության ուսուցման փոխարեն իրականացվի լեզվի, խոսքի`գրավոր եւ բանավոր, ուսուցում, պետք է փոխվեն հայերենի ուսուցման չափորոշիչները եւ ուսուցողական ծրագրերը: Նույնը պետք է արվի եւ դպրոցական եւ համալսարանական միջավայրում: Կանոններ սերտելու փոխարեն պետք է մարդուն լեզու սովորեցնել: Գործիքներից մեկը`դասագիրքն է, որը բանախոսն անմխիթար է բնութագրում. «Պետությունը հովանավորում է վատ դասագիրքը`այն դպրոց մտցնում, հույսը դնելով նրա վրա, որ ուսուցիչը պետք է օգտվի այլ` լավ դասագրքերից: Ու միաժամանակ արգելում են, որ դպրոցներում գումար հավաքվի այլ դասագիրք, տետր, գրիչ գնելու համար: Պետք է ամբողջությամբ հրաժարվել դասագրքերի մրցույթների այս արատավոր համակարգից»:

Բանախոսը կարծում է, որ ուսուցիչների պատրաստման գործընթացը եւս էականորեն պետք է վերանայվի: Այս իմաստով, նա «արատավոր» է որակում միասնական քննակարգը. «Կարծես մարդուն պատրաստում ենք ընդունելության քննության համար, ոչ թե մասնագետ դառնալու: Ուստի, եթե սա արատավոր է`հրաժարվենք դրանից եւ թողնենք, որ մարդիկ այլ համակարգով կամ առանց այդ քննությունների ընդունվեն համալսարան»:

Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ նաեւ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն հաղորդակցվելու խնդիրներին`նկատելով, որ մենք նման շփման խնդիր, մեծ հաշվով, չունենք`մեկը-մյուսին լավ հասկանում են եւ այդ ոլորտում ձեւականորեն արվող միջոցառումները կարելի է ուղղել այլ ոլորտների:

Ասաց, որ չունենք օտարների համար ուսուցման մեթոդիկա: Դրանք հիմնականում ռուսերեն հիմքով են, բայց Հայաստանն աշխարհին բացվել է եւ ժամանակն է, որ այդ ուղղությամբ էլ ծրագրեր իրականացվեն: Ժամանակն է, որ այլընտրանքային ուսուցողական ծրագրեր էլ իրականացնենք`հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ այլն: Նաեւ, ելնելով նորագույն տեխնոլոգիաների զարգացումից, էլեկտրոնային տարածքը պետք է լցնել հայերենով`պահպանելու համար մեր լեզուն ու գիրը. «Ոլորտն արագ է զարգանում, մենք ակնհայտորեն հետ ենք մնում»:

Բանախոսը համոզված է, որ այս հարցերում պետությունը պետք է շահագրգռություն դրսեւորի, բայց ցավով նշեց, որ հայտնի խաղի օրինակը ցույց տվեց, որ պետությունը հովանավորում է օտարալեզու խաղի ցուցադրումը հեռուստատեսությամբ ու չկա բավարար հասարակական պահանջ դա կանխելու համար: Նա նաեւ կոչ արեց դպրոցին ուշադրություն դարձնել եւ այդ բեռը չթողնել բացառապես ուսուցիչների վրա:

Արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանն էլ կիսելով կարծիքը, որ խոսքի ուսուցման խնդիր կա, օրինակ բերելով իր ուսուցիչներից եւ սեփական օրինակից, փաստեց, որ թիֆլիսյան հայկական վարժարանները ավելի լավ էին լեզու ուսուցանում, քան այսօր մեր համալսարանը: Ոլորտում ներկայումս առկա խնդիրները նա բացատրում է «Երեւանի կեղտոտ ժարգոնով» եւ փաստեց, որ ցավալիորեն «ժարգոնը հաղթում է»: Բանախոսին անհանգստացնում է հրապարակային խոսքի ազդեցությունը, որը ողողված է ժարգոնով, նաեւ «արհեստական շեշտերով լեզվի գործածությունը», որն ընդհանրապես կապ չունի գրական արտասանվածքի հետ: Հենրիկ Հովհաննիսյանի համար կրկնակի սարսափելի է, որ այդպես խոսում են կրթված մարդիկ, անգամ մի քանի բարձրագույն կրթություն ստացած մարդիկ: «Մարդիկ ինչպես քայլում են, այդպես էլ խոսում են: Դուրս եկեք փողոց`տեսեք, թե ինչպես են քայլում մարդիկ: Առաջացել է մի իրավիճակ, երբ գրական լեզվի կրողը իրեն օտար է զգում: Քաղքենիությունը հաղթեց եւ այն շատ բան է փչացնում մեզանում: մարդիկ որոշել են, որ օտար լեզվով պետք է կրթվեն, բայց բարեկեցության առաջին պայմանը սեփական լեզվի իմացությունն է: Հրապարակային խոսքը, եթերի խոսքը պետք է խոսքի կուլտուրա դաստիարակի: Մեծ վնաս է այս առումով տալիս հեռուստահաղորդավարի եւ հեռուստալրագրողի խոսքը: Ինչո՞ւ այսքան անտարբեր դարձանք լեզվի հանդեպ: Այսօր եթերից հնչող խոսքն է մեր տունը քանդում: Հիմա շատ հեշտ է միկրոֆոնի մոտ հայտնվել եւ ազատորեն խոսել: Հսկողություն է պետք, ուժեղ հսկողություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728