Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը հերքում է իր առնչությունը «Որսորդ» ՍՊԸ-ին, խանութի տարածքին եւ զենք, զինամթերքի օրինական առեւտրին:
«Ես որեւէ կապ չունեմ այդ ՍՊԸ-ի հետ, լավ էլի, ինձ հանգիստ թողեք, ես նման բաներով չեմ զբաղվում, էդ «Որսորդ» խանութը վերջին անգամ մտել եմ մի 11 տարի առաջ, Գրիգորյան Գրիգորին վերջին անգամ տեսել եմ 7 տարի առաջ: Տարածքի սեփականատեր էլ չեմ, Կադաստր գոյություն ունի, դա գաղտնի ինֆորմացիա չէ, գնացեք, իմացեք, թե որ թվականից ումն է: Նույնիսկ տարածքը իմը չի, նույնիսկ ես որսորդական զենքերով չեմ զբաղվում, չեմ վաճառում, չեմ առնում, ժամանակ էլ չունեմ դրա համար, ոչ էլ որսորդ եմ»,- ասաց ոստիկանության ակադեմիայի պետը:
Նա շատ բարկացած էր իր մասին տարածվող եւ իրականությանը չհամապատասխանող լուրերից եւ սկսեց բողոքել լրագրողներից, թե « արդեն նենց եք հասցնում պրիլիչյայի սահմանները, որ մարդ չգիտի թե ձեզ հետ ոնց խոսի»: Այնուհետեւ, Հովհաննես Վարյանը շեշտեց, որ ինքը լրագրողների հետ միշտ էլ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել, այնքան, որ ոչ ոք իր մասին վատ բան չի գրել: «Բարեկամներս զանգում են, թե կարող է տենց բան կա, մենք խաբար չենք, վերջիվերջո, ես որոշ անուն ունեմ, պետք չի դա կեղտոտել: էսօր ես զանգել եմ էդ Գրիգորյան Գոքորին (որսորդ Գոքոր), որ 7 տարի ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել եմ հետը, եւ իրեն լավ քֆրտել եմ, ասել եմ՝ արա, կարող ա դու ես գնում ստեղ, էնտեղ ասում, ինքը թե չէ, բա ես չեմ ասում, բան, ման, ասացի՝ բա խի չես հերքում, խի չես դատի տամ, անգրագետ մի ախպար ա, ես դրա համար ջղայնամում եմ, որ իմ անունը իր հետ են կապում: Նորից եմ կրկնում, ես որեւէ բիզնեսով չեմ զբաղվում, ապրում եմ բոլոր մարդկանց նման, ոնց որ բոլորս ենք ապրում, նույն ձեւի էլ ես եմ ապրում»:
Նյութի մանրամասները կարդացեք news.am-ի կայքում