Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները շարժվում են գիշատիչի օրենքով՝ «Կեր, որ քեզ չուտեն». «Առաջին լրատվական»

Փետրվար 14,2014 10:50

 

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, վերջերս ազատամարտիկներին միավորվելու կոչով հանդես եկաք, որը իշխանափոխության հասնելու նպատակ է հետապնդում: Նախորդ տարի ազատամարտիկներն ակտիվություն ցուցաբերեցին, հանդես եկան հանրահավաքներով, բայց պառակտում տեղի ունեցավ: Ինչպե՞ս եք պատկերացնում ազատամարտիկների համախմբումը:

– Ազատամարտիկներն ազգի սերուցքն են, որոնք կարողացել են հաղթանակ արձանագրել: Պառակտումը, որի մասին նշեցիք, ոչ թե ազատամարտիկներից, այլ իշխանական թևից է եկել, ինչը պետք է գիտակցեն ազատամարտիկները: Ես այսօր կոչ եմ անում ոչ թե համախմբվեն որևէ կազմակերպության, այլ գաղափարի շուրջ՝ երկրի, պետականության, վաղվա օրվա շուրջ, որովհետև  ազգովի գնում ենք կործանման: Պառակտելու խաղերը խաղացին իշխանությունները, իսկ տղերքը ազնվորեն տրվեցին այդ խաղերին և հայտնվեցին տարբեր ճամբարներում: Այսօրվա համախմբումը ոչ թե պարտավորություն է, այլ մեր երկրի ապագայի կայացման խնդիրն է, մեր արած գործի շարունակության ապահովումը: Տղաները, ովքեր իրենց գլուխը դրեցին հաղթանակի զոհասեղանին, արդյոք այս հայրենի՞քն էին ուզում: Դրա համար այսօր անկախ տարբեր ճամբարներում հայտնվելուց` մեր գերխնդիրը պետք է լինի պետության փրկությունը:

Վերջերս Հայկազ Բաղմանյանը մեզ տված հարցազրույցում նշեց, որ սոցիալապես անապահով ազատամարտիկներին իրենք առաջարկում են  աշխատանք, մինչդեռ նրանք հրաժարվում են՝ պատճառաբանությամբ, որ բարձր պաշտոններ են ուզում: Ձեր դիտարկումն այս հարցում ինչպիսի՞ն է:

– Այստեղ խնդիրը ազատամարտիկների աշխատավարձը չէ, այլ այն փաստը, որ տարիների ընթացքում նրանք դուրս են մղվել բոլոր տեսակի կառույցներից: Ես չգիտեմ, թե պարոն Բաղմանյանն ինչ է առաջարկել, բայց նա այդ տղաներից մեկն էր, և ես իրեն կառաջարկեի գնալ մի տեղ 150 հազար դրամով աշխատել, այն ժամանակ նա կզգար ազատամարտիկների դժվարությունները: Այսինքն՝ իշխանությունները բաժանել են, որ իշխեն, ինչը նրանց հաջողվել է: Եվ հիմա գումարի խնդիր չի դրված, այլ մեր երկրի ապագայի խնդիրը, որում մենք՝ ազատամարտիկներս, իրավունք ունենք մեր ձեռագիրն ունենալ: Ու բոլորովին ճիշտ չեն ոմանք, օրինակ` Սուրեն Սուրենյանցը, որ ասում է, թե «հրացանավոր մարդիկ չպետք է գան իշխանության»: Ինքը որտե՞ղ էր, որ ազատամարտիկները գաղափարի համար արյուն ու կյանք էին տալիս: Նույն բանն ասվել է 1998-1999 թվականներին: Այսօր Սուրեն Սուրենյանցի կարգի մարդիկ չպիտի որոշեն՝ ազատամարտիկներն ինչ գործունեություն պիտի ծավալեն պետության ու պետականության ամրապնդման համար: Այսինքն՝ Սուրեն Սուրենյանցի պես մարդը կարող է երկրի ապագայի մասին խոսել, իսկ ազատամարտիկը, որը կյանք ու գաղափար է դրել, երկիրն է պահել ու ազատագրել, իրավունք չպե՞տք է ունենա խոսել ու գործել: Ես նույնպես կողմ եմ, որ հրացանավոր մարդը պետք է հեռանա, ու այսօր այն ոչ հայանպաստ քայլեր կատարող հրացանավոր մարդիկ, որոնք եկել են իշխանության (Մարտի 1-ին էլ կրակեցին ժողովրդի վրա), պետք է հեռանան, որովհետև նրանք կարող են կրակել հայ մարդու վրա: Այդ «հրացանավոր մարդկանց» փողն ուղղված է հայ մարդու ուղղությամբ:

Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728