Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Փետրվար 14,2014 10:19

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներորդ

ԻՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Եվ Բարդուղը փնթփնթալով Օրթախին հարցրեց՝ «կարող ա՞ ժամերով նստենք՝ սրանց էս գրողական ջուրծեծոցիները լսենք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Բարդուղին ասաց՝ «ամեն անգամ ջուրծեծոցին քեզնից ա սկսվում», եւ Բարդուղը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «ես ի՞նչ առումով եմ ջուր ծեծել», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աշխարհի փրկության առումով», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «կարող ա՞ աշխարհի փրկությունը գրականությունից կարեւոր չի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «գրականությունից կարեւոր ա, բայց ուտելուց ու խմելուց կարեւոր չի», եւ Բարդուղը հիացած նայեց Անանիային ու ժպտալով ասաց՝ «հազիվ մի հատ ճիշտ բան ասեցիր», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Անանիան միշտ էլ ճիշտ բաներ ա ասում», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «էս անգամ առանձնապե՛ս ճիշտ բան ասեց», եւ Անանիան ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասել», եւ Բարդուղը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ որ ասեցիր՝ ուտելն ու խմելը կարեւոր են», եւ Օրթախը փռթկացնելով Անանիային ասաց՝ «հատկապես խմելը ճիշտ ասեցիր», եւ Բարդուղը զարմանքով Օրթախին հարցրեց՝ «կարող ա՞ ուրիշ բանի համար ենք էստեղ հավաքվել», եւ Արիկը Բարդուղին հարցրեց՝ «կարող ա՞ մենակ խմելու համար ենք հավաքվել», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «մեկումեջ էլ կարանք զակուսկի անենք», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «ինձ թվում ա՝ զակուսկի անելը հեչ պարտադիր չի», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «կարանք համ խմենք, համ զակուսկի անենք, համ էլ ազգի փրկության հարցերից խոսանք», եւ Բարդուղը թախծոտ ժպտալով ասաց՝ «որ էդքանը բաշարեինք, աշխարհի հզորների առաջ չէինք խեղճանա», եւ Անանիան խղճահարությամբ նայեց Բարդուղին ու ասաց՝ «ամենից շատ դո՛ւ ես աշխարհի հզորների առաջ խեղճանում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «ես հիմնականում ձեր պատճառով եմ խեղճանում» եւ մի քիչ էլ մտածեց ու խղճահարությամբ ավելացրեց՝ «որ դուք իրանց վտանգն զգայիք, ես դժվար թե էսքան խեղճանայի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «փաստորեն, բոլորիս պատասխանատվությունը վերցրել ես քո վրա», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ոչ միայն մեր պատասխանատվությունն ա իրա վրա վեկալել, այլեւ՝ սաղ ազգինը», եւ Բարդուղն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Հայկունը սաղ ազգին էլ նկատի ուներ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով Բարդուղին ասաց՝ «ես մենակ էսքանիս նկատի ունեի», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «որ մենակ էսքանիդ փրկվելով ազգը փրկվեր, էլ ի՞նչ դարդ ունեի», եւ Արիկը խորամանկ ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «մենմենակ ո՞նց ես էս ազգին փրկելու», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էնքան էլ մենակ չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշ մարդիկ էլ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քիչ են, բայց կան», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «արդյոք ովքե՞ր են», եւ Բարդուղն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «որ ժամանակը գա՝ կիմանաս», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ ժամանակը», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «իմանալու ժամանակը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց, խղճահարությամբ նայեց Բարդուղին ու ասաց՝ «քո վրա շատ ծանր բեռ ես վերունել», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ծանր բեռ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ փրկության գործը նկատի ունեմ», եւ Բարդուղը հարցրեց՝ «ի՞նչ փրկության գործ», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «մեր ազգի փրկության գործը», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ պիտի ինքնագիտակցության գանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ամեն մեկն ինքը իրան փրկի, բոլորը միասին մեխանիկորեն կփրկվեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞նց պիտի ամեն մեկն ինքը իրան փրկի», եւ Բարդուղը պատասխանեց ու ասաց՝ «ինքնագիտակցության գալով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու խեղճանալով Բարդուղին ասաց՝ «աշխատավոր մարդիկ ենք. ազատ ժամանակ ե՞րբ ենք ունենում, որ մեր ինքնագիտակցությամբ զբաղվենք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ առավոտից մինչեւ կեսգիշեր Վերնիսաժում ես», եւ Հայկունին Ջավախյանի փոխարեն ասաց՝ «ազատ ժամանակ որ գտնում էլ ա, հազիվ իրա պատմվածքն ա գրում», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Օրթախին հարցրեց՝ «քո արած ֆոկուսը քո դիրն էկա՞վ», եւ Օրթախ Աբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ֆոկուս», եւ Ջավախյանը փռթկացնելով Օրթախին ասաց՝ «մեզ էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր, այ Աբո», եւ Օրթախը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կրակի մեջ եմ գցել», եւ Ջավախյանը փռթկացնելով Աբոյին ասաց՝ «ինչ էս մի հոգավորի պատմվածքը Թումանյանի «Գիքորի» հետ էս համեմատել, հետը խոսալ չի ըլնում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «էդ նրանից ա, որ խոսալու ձեւը չգիտես», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «էսքան վախտ իմ խոսալու ձեւից ոչ մեկը չի դժգոհել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «դեմդ որ չեն դժգոհում, էդ չի նշանակում թե՝ հետեւիցդ էլ չեն դժգոհում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «հետեւիցս ո՞վ ա դժգոհել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «խաբարբզիկ չեմ, որ ասեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «սաղի հետեւից էլ խոսում ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ Օրթախ Աբոյի հետեւից ենք խոսում», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «Աբոն ե՞րբ ա բացակայում, որ հետեւից խոսանք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալբերտ Գուրգենիչը երբեւէ առիթ չի տվել, որ հետեւից խոսանք», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «դու կարող ա՞ առիթ ես տվել, որ հետեւիցդ աջուձախ խոսում են», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա խոսում» եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «խաբարբզիկ չեմ, որ ասեմ», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով չխոսա-չխոսա, դու հաստատ կխոսաս», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «ինքը խոսում ա հերիք չի, համ էլ գրում ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «իրա համ խոսացածներն են սուտ, համ էլ՝ գրածները», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «քո մասին իրա գրածները սուտ ե՞ն», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «ոտից գլուխ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ծերից ծեր սուտ ե՞ս գրել, ադա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրածներիս մեջ մի հատիկ սուտ բան չկա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «խոսքը Անանիայի մասին գրածներիդ ա վերաբերում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «իմ ասածն էլ ա Անանիայի մասին գրածներիս վերաբերում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728