Կառավարությունը որոշել է, ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ասաց` պետության համար ծառայողներին Արաբկիր համայնքում մատչելի բնակարաններով ապահովել: Ծրագիրը դեռ նախնական փուլում է, սակայն բնակարանների 1 քմ-ի առավելագույն արժեքը 300 հազար դրամ է, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիփոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար:
Արդյո՞ք սա կարելի է համարել մատչելի, անշարժ գույքի մի շարք գործակալություններից պարզեցինք, որ առանց կառավարության օգնության էլ քաղաքացիները կարող են գրեթե նույն գնով Արաբկիր համայնքում ձեռք բերել բնակարան: Այս համայնքում նորակառույցներում բնակարանների գները 300 հազար դրամից մի փոքր պակաս էլ կան, ավել էլ կան. նայած թե համայնքի որ հատվածում է շենքը:
Aravot.am-ի հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը պատասխանելով այն հարցին, թե կարելի է այդ ծրագիրը մատչելի բնակարան համարել, ասաց. «Մենք ասում ենք, որ մեր առավելագույն առաջարկը պետք է լինի արդեն իսկ վերանորոգված,պատերը ներկված, հարդարված, լամինատե հատակով, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված է: Շուկայականի հետ համեմատ, նորակառույցի համեմատ, ոչ թե ընդհանրապես, սա կարելի համարել մատչելի, որովհետեւ մենք չենք ասել հենց 300 հազարով բերեք առաջարկը: Մենք ասել ենք առաջարկ բերեք մինչեւ այդ գինը: Երբ այդ առաջարկները կբերեն, լոտի մրցույթային հանձնաժողովը կորոշի վերջնական առաջարկներից, թե հնարավոր լոտերից քանիսը կմասնակցի կառուցապատմանը: Այսինքն` հնարավոր է եւ գինն ավելի իջնի»:
Իսկ թե հիփոթեքային ինչ պայմաններ կլինեն, որպեսզի բնակարանն իսկապես համարվի մատչելի, պարոն Գաբրիելյանն ասաց, որ վարկային պայմանները դեռ որոշված չեն. «Հիփոթեքն էլ պետք է համադրելի լինի առնվազն Ազգային հիփոթեքային ընկերության կողմից տրվող վարկերին: Հիմա չեմ կարող հստակ ասել, թե քանի տոկոսով կլինի, ընկերությունը հիմա ինչ տոկոսով, որ վերաֆինանսավորում է բանկերին, հաստատ դրան հավասար, կամ ավելի մեծ հավանականությամբ, կլինի դրանից ներքեւ»:
Aravot.am-ի հետ զրույցում Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանն ասաց, որ իրենց վարկավորման տոկոսադրույքը 8.75- է:
Արաբկիր համայնքում գտնվող Երազ թաղամասում, որը ժողովրդի ասած`Ռայկոմ թաղամասում է, բնակարանների 1քմ-ն արժե 970 դոլար, սակայն, ինչպես նշված է ընկերության կայքէջում, հիփոթեքը 7%-ով է, եթե գումարի 30%-ը կանխավճար արվի, իսկ մարման ժամկետը` մինչեւ 20 տարի: Այս պայմանները նույնիսկ Վաչե Գաբրիելյանին զարմացրեցին: Ուստի թե ինչո՞ւ է կառավարությունը շուկայական գներով տրամադրվող բնակարանները լավություն համարվում, անտրամաբանական է:
Պարոն Գաբրիելյանը նաեւ վստահեցրեց, որ քաղծառայողների աշխատավարձերի նախատեսված բարձրացումն էլ, հնարավորություն կտա օգտվել այս բնակարանների ծրագրից:
Մատչելի բնակարաններից ամենայն հավանականությամբ բարձրաստիճան պաշտոնյանները կօգտվեն: Կառավարության նախորդ նիստին, ծրագիրը ներկայացնելիս նախարարները սկսեցին ակտիվանալ եւ հարցուփորձ անել պարոն Գաբրիելյանին, մանրամասներ ճշտել` ամենաշատը քանի սենյակ է, քառակուսի մետրի հաշվարկի մեջ դրսի պատերը հաշվվում են, թե` ոչ եւ այլն:
Aravot.am-ը պարոն Գաբրիելյանից հետաքրքրվեց` արդյոք սահմանված են չափանիշներ թե ինչ պաշտոնի պետական ծառայողները կարող են օգտվել, նախարարները եւս ունե՞ն հնարավորություն այդ ծրագրից օգտվելու, աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց. «Դա դեռ հստակեցված չէ,
նախարարներին, կարծում եմ` չի վերաբերելու, բայց դա դեռ հստակեցրած չէ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ