ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր`«Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ, հորդորեց չհամեմատել Հայաստանը Վրաստանի հետ՝ նշելով, որ Վրաստանն անցել է եվրոինտեգրման իր ճանապարհը: «Վրաստանը գին է մուծել՝ իր երկու տարածքներից հրաժարվել է հանուն եվրաինտեգրման: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել եվրոպական նկրտումները բավարարելու համար»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Պատմական ակնարկով պատգամավորն անդրադարձավ ՌԴ-ից Հայաստանի պորտալարը կտրելու ՀՀ իշխանությունների անհաջող փորձերին`ասելով. «Ռուսաստանը մշտապես փորձել է իր ազդեցությունը պահել Հայաստանում: Մի մոռացեք, որ Ռուսաստանն այս ընթացքում երկու կարևոր պատերազմի միջոցով է անցել և ՌԴ համար Հարավային Կովկասը կարևոր է, երբ կորցրել է Հյուսիսային Կովկասը: Մենք փորձել ենք դեռ այն ժամանակվանից՝ անկախ պետականությունը կառուցելով, կամաց-կամաց ձերբազատվել ՌԴ-ից, և սա եղել է հենց հանրաքվեի հարցի մեջ՝ մենք ուզո՞ւմ ենք՝ Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն: Եվ այս հարցի պատասխանը մենք դեռ չենք կարողացել տալ, որովհետև չենք կարողացել կառուցել ժողովրդավարական պետություն՝ լեգիտիմ իշխանություններով, որը կկարողանա որոշել՝ որն է մեր ուղին»:
Պատգամավորի գնահատմամբ Հայաստանն է մեղավոր, որ, լինելով ժողովրդավարության կղզյակ, ինչ-որ պահից սկսեց գործել այնպես, ինչպես սովոր է եղել Խորհրդային միությունում, ռուսական կայսրությունում: «Մենք սկսեցինք աչք փակել խախտումների, մարդու իրավունքների վեհ գաղափարների վրա, սկսեցինք գործել՝ միջոցները արդարացնում են նպատակը սկզբունքով: Եվ արգասիքը նա է, որ չունենք պետություն, իշխանություններ, որոնք կարող են հավասարը հավասարի պես նստել-խոսել բանակցողների հետ, զիջել ենք մեր սուվերենությունը ՌԴ-ին, և ցավալի է, որ մեր ժողովուրդը, մաքառելուց հետո, պիտի գա դառնա…»:
Ամփոփելով խոսքը նախկին արտգործնախարարը նկատեց, որ ՀՀ քաղաքական էլիտան, այդ թվում՝ ընդդիմությունը, կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն և սա է Հայաստանի Հանրապետության ցավը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ