Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը ու եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա :
Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են, ընդհանուր առմամբ, միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Սույն գործով դատական նախնական նիստերը 2013թ. մայիսի 31-ին մեկնարկել էին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: Դատարանը համարել է, որ եգիպտացորենի հունձը, ինչպես նախատեսված է եղել պայմանագրով, կատարվել է «ՀիմնաՏավուշի» տեխնիկայով, հետեւաբար հայցվորներից յուրաքանչյուրը պարտավոր է իր մշակած հողամասերի չափերին համապատասխան կատարել հնձի վարձավճարը:
2014թ փետրվարի 5-ին դատավոր Արմեն Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, սկզբնական եւ հակընդդեմ հայցերով բռնագանձման ենթակա գումարների հաշվանցի արդյունքում «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար,հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար , հօգուտ Սամսոն Ալիխանյանի 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: Դատարանը վճռել է, որպես փաստաբանի վարձատրության գումար, հօգուտ հայցվորների բռնագանձել 200 հազար դրամ: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարկ է ավելացնել միայն , որ ՞՞ՀիմնաՏավուշ՞՞ զարգացման հիմնադրամի բաժնեմասերի զգալի մասը պատկանում են Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանին, իհարկե ձևակերպված են այլ անձանց անուններով: Այնպես որ Արմեն Ղուլարյանը ոչ միայն հացթուխ է, այլ նաև անասնապահ, սակայն նրա հիմնական մասնագիտությունը բյուջեից հատկացված գումարների մսխումն ու տերերին հասցնելն է, չնայած երբեմն տերերն իրենք են մարզի տարածք բարեհաճում: Մասնավորապես փետրվարի 12-ին Տավուշի մարզ էր ժամանել Հովիկ Աբրահամյանը, որի այցի նպատակը ոչ թե սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, վերաբերվող մասով, օրենսդրական փոփոխությունների քննարկումն էր, այլ, չեք հավատա, քաղաքաշինության ոլորտը: Մոտ 30 աշակերտ ունեցող Բերքաբերի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտել են, հիմա էլ մտածում են զրահապատ պատուհանների, իսկ հետագայում առավել ապահով տեղ դպրոց կառուցելու մասին: Հարց է առաջանում …, որի պատասխանը պետք է տա …:
Հայաստանում օրենսդիրն ու գործադիրը խառնվել են իրար և ստեղծված քաոսային իրավիճակն օգտագործելով ամեն մեկը շտապում է, իրենց բնույթին համարժեք ձևով հասանելիք բաժին ՛՛սերմացուն՛՛ ամբարել:
Ով է պատասխան տալու այս մարզում տիրող խառնիճաղանջ իրավիճակի համա՞ր: Մարզպետը լցնում է սեփական գրպանները,համապատասխան տեղերում հասցնելով իրենց բաժինները,իր խորհրդականի հետ գրքեր են տպագրում,Էլնարա գովերգում,մարզի բնակչության մասին մտածող չկա:Հավանաբար մնացել է ևս քսան անգամ նշել այս մասին!!!