Քչերը գիտեն, որ հայոց այբուբենը ոչ միայն տառերի, այլև տարբեր նշանակություններ ունեցող մասնիկների խումբ է: Ահա այս եզրակացությանն է հանգել անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը: Մինչև այբուբենի ուսումնասիրությունը՝ պրն Ալեքսանյանի հետաքրքրությունն ուղղված է եղել հասկանալու մարդու բանականությունը: Այն ուսումնասիրելիս շեշտը հիմնականում դրել է լեզվի վրա: Ահա այսպես էլ պրն Ալեքսանյանի ուշադրությունը սևեռվել է հայոց այբուբենի վրա:
«Բոլորս անգիր գիտենք մեր այբուբենը, գիտենք, որ այն ստեղծվել է Մաշտոցի կողմից 405-406 թվականներին, և այնտեղ որևէ բան փնտրելը թվում էր, թե անիմաստ է: Սակայն լեզվի ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ հայոց լեզվի մեջ կա մի անբացատրելի մաթեմատիկական կառույց: Իհարկե ինձ համար իմ մայրենի լեզվի կառույցը նույնն է, ինչ, ասենք, օտարի համար իրենը: Եթե փորձենք կառույցի մասնիկներ փոփոխել, սիստեմը լավ չի աշխատի: Այբուբենը գիտելիքների շտեմարան է, սա ոչ միայն լեզվական արժեք ունի, այլև՝ գիտական, տեխնոլոգիական»:
Պարոն Ալեքսանյանը հայոց այբուբենը դիտարկում է եռանկյան պրիզմայով: Այդ եռանկյան ամեն գագաթ համապատասխանում է հայոց այբուբենի մի տառին, օրինակ՝ եռանկյան վերևի գագաթում գտնվում է Ա տառը, իսկ մյուս երկու գագաթներում Ս և Ք տառերը: Այս տառերի միաձուլումից էլ ստանում ենք ԱՍՔ, այսինքն՝ ԱՍԵԼԻՔ բառը: Ըստ պրն Ալեքսանյանի՝ այս բացահայտումը հրաշագործ փայտիկի արժեք ունի մեր ազգի համար. «Իհարկե ոչ միայն հայերենն է այսպես, այլև մյուս լեզուները, ուղղակի դրանք լավ ուսումնասիրված չեն: Այս ամենն ինձ համար ուղղակի զուգադիպության նման կլիներ, եթե ռուսերենում, օրինակ, չլիներ նույն СКА տառերը, որոնցով էլ սկսում է СКАЗАТЬ՝ ասել բառը»:
Նույն կերպ պրն Ալեքսանյանն ուսումնասիրել է նաև Ր տառը: « Հայերենում Ր տառով սկսվող բառերն ընդամենը 3-ն են և թվում է, թե Ր տառն այլևս ոչ մի ուրիշ նշանակություն չի կարող ունենալ: Սակայն եթե Ր տառից առաջ դնենք որևէ ձայնավոր, ապա կստացվի նշանակություն ունեցող բառ: Օրինակ՝ ԻՐ, ՕՐ, ԱՐ. վեջինս էլ կազմում է Արարիչ բառը»:
«Հայերենի այբուբենի տառերն առանձին, առանձին ուսումնասիրելիս ամբողջական կապը չի երևա, իսկ բոլորը միասին ուսումնասիրելը շատ ծավալուն կստացվի: Այն նման է 36 զինվորանոց վաշտի: Զինվորներն առանձին-առանձին մի կաթիլ են ծովում, իսկ եթե հաշվի առնենք, որ դրանցից յուրաքանչյուրն իր ուժն ունի, ապա միասնական իրենք առավել հզոր են»,- այս մասին պնդում է անհատ հետազոտողը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ