«Եթե այսպես շարունակվի, չորս տարի հետո արտագաղթ էլ է լինելու, տնտեսության անկում էլ է լինելու, ռեժիմն էլ վերարտադրվելու է»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` «Հայաստանի այսօրն ու վաղը» խորագրով քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանը եւ Վարդան Օսկանյանը:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, հրաժարականների մասին բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները խնդրի լուծում չեն. «Մեկին հանես, մյուսին հանես` ի՞նչ…. Եթե դու քո ամբողջ համակարգը չփոխես, ոչինչ էլ չի փոխվի: Հայաստանի համակարգը աշխարհի ամենակոռումպացված համակարգն է, սա է խնդիրը»:
Բանախոսը միաժամանակ գտնում է, որ մենք հույսները պետք է դնենք մեզ վրա: «Եվրոպան իր դարդ ու ցավը թողած պիտի գա մեր փոխարեն պետություն կառուցի՞»,- հարցադրում հնչեցրեց նա ու համոզմունք հայտնեց` ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ինքն իրեն ապացուցի, որ կարող է, ինչպես դա արեց 1988թ-ին:
Ալեքսանդր Արզումանյանն անդրադառնալով իշխանական ճամբարից հնչող այն հավաստիացումներին, թե Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը ապահովագրում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ասաց, որ ինքն այդպես չի կարծում և չի կիսում այդ կարծիքը. «Ոչ, հակառակը, Ռուսաստանին երբ դա պետք լինի, թողնելու է հեռանա այս տարածաշրջանից: Հիշեք` 1993-ին մենք կռվել ենք ռուսական բանակի դեմ, մյուս իրադարձությունները հիշեք»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ավելացրեց, որ ոչ միայն ԼՂՀ-ն է դուրս կարգավորման բանակցություններից, այլև Հայաստանը և որ ժամանակ կգա, երբ «ռուսի սապոգի տակից դուրս գալ չի լինի»: Նախկին արտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ մեր անելիքը երկուսն է` պետք է հասարակությանը ներգրավվի քննարկումներում, իսկ որ ամենակարևորն է` ամրապնդվեն ժողովրդավարական արժեքները, քանի որ դա է Հայաստանի միակ ճիշտ ճանապարհը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ