Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Ծույլերին չենք հանդուրժելու»

Փետրվար 13,2014 17:50

2013թ.-ին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու բացթողումներն այսօր ամփոփվեցին Սյունիքի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ:

Սյունիքում կատարված աշխատանքներին զուգահեռ, պատասխանատուների հավաստմամբ, որպես գերակա հիմնախնդիրներ շարունակում են մնալ աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի իջեցման և բնակչության բարեկեցության ապահովման հարցերը:

marzpet8 marzpet6 marzpet1

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Թադեւոս Ղազարյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2013թ. ընթացքում մարզում 67 նոր կազմակերպություն է սկսել գործունեություն ծավալել՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների մատուցման, տուրիզմի, շինարարության և տրանսպորտի ոլորտներում: Նորաբաց կազմակերպություններն իրենց հերթին ապահովել են 373 նոր աշխատատեղ:

Չնայած այս ցուցանիշների՝ պաշտոնական տվյալներով, Սյունիքում շարունակում է բարձր մնալ գործազրկության և աղքատության մակարդակը՝ 2009թ. – 12.5 %, 2010թ. – 12.2 %, 2011թ. – 13.6 %, 2012թ. – 14.9 %:

2009թ. աղքատության մակարդակը մարզում կազմել է 23.4%, իսկ 2012թ.-ին՝ 25.6%:

2013 թվականին՝ նախնական տվյալներով, Սյունիքի մարզում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 65.3 հազար մարդ, գրանցված գործազուրկների թիվը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4023 մարդ (նախորդ տարվա 4178-ի դիմաց), որը կազմում է հանրապետության համապատասխան ցուցանիշի 6.7%-ը: Գործազրկության մակարդակը մարզում կազմել է 14.9%:

«Հաշվի առնելով այս ամենը՝ անհրաժեշտ է մարզում աշխատանքներ տանել ավելացնելու կատարվող ներդրումներն ու դրանք ուղղելու այն ոլորտների կամ այն ծրագրերի իրականացմանը, որոնք կլինեն առավել արդյունավետ: Այս ուղղությամբ 2013թ. ՀՀ Սյունիքի մարզպետարանի ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Սյունիքի առաջին ներդրումային համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 17 ներդրումային առաջարկներ: Արդյունքները ամփոփվել են և արդեն կան կոնկրետ առաջարկություններ և քայլեր՝ հետագայում նշված ոլորտներում ներդրումային միջավայրի բարելավման համար իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ», -նշեց պարոն Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ 2014թ. նախատեսվում է նաև մարզի տնտեսաչափական մոդել մշակել, որը հնարավորություն կտա չափելի դարձնել կատարվող ներդրումների ազդեցությունը մարզում եկամուտների ավելացման, վճարվող հարկերի, աղքատության, գործազրկության և այլ ցուցանիշների վրա:

Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրն ամփոփելով, զեկուցողները նշեցին, որ նախորդ չորս տարիներին Սյունիքում փաստացի իրականացվել են 116.4 մլրդ դրամի ծրագրեր, կամ ծրագրով նախատեսվածի 161.8 %-ի չափով:

Մարզխորհրդի նիստի վերջում Սյունիքի մարզպետն իր ելույթում նշեց, որ 2014թ.-ն աշխատանքային առումով ծանր տարի է լինելու, քանի որ նշաձողն ավելի բարձր հենքի վրա է դրվելու: «Օգնության ձեռք ենք մեկնելու աշխատող մարդկանց, իսկ ծույլերին չենք հանդուրժելու, անընդմեջ բերվով պատճառաբանություններն էլ անհիմն ենք համարելու: Շարունակելու ենք մեր այցելությունները դեպի մարզի համայնքներ, իսկ այցելած համայնքների բնակիչների կողմից բարձրացված հիմնախնդիրները շարունակելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել», – նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ կոչ արեց համայնքի ղեկավարներին ու նիստի մյուս մասնակիցներին մեծ ակտիվությամբ անցնել աշխատանքի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ինչքանո՞վ են վստահելի այս պաշտոնական թվերը:

    Իսկ Սյունիքի/սյունեցու ընդերքը ագահաբար թալանողերի՞ն էլ «չեք հանդուրժելու»:

    Նորից կրկնեմ՝ քանի դեռ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 5(1) հոդվածը ուժի մեջ է,Սյունիքում/ մարզերում ՈՉ ՄԻ բան դեպի լավը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ. սա գրեք ու կցրեք ձեր պատերին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728