«Հասառ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Հարությունյանը հայտարարում է, թե «ՀայՌուսգազարդը» իրեն շանտաժի է ենթարկել և ցանկանում է սնանկացնել ու բիզնեսը ձեռքից վերցնել:
Պարոն Հարությունյանը տեղեկացնում է, թե 1975-ից Լոռու մարզի Գարգառ գյուղում զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ, իր հետ «ՀայՌուսգազարդը» պայմանագիր է կնքել է 2006-ին, որը եղել է անժամկետ: Այնուհետև 2008-ին, կեղծել են պայմանագիրը ու Վերաքննիչ դատարան ներկայացրել կեղծված պայմանագիր:
Ըստ Սամվել Հարությունյանի` այս պայմանագրի հիման վրա էլ Վերաքննիչ դատարանում «ՀայՌուսգազարդ»-ի բողոքը բավարարվել է, ու այժմ ստացվել է այնպես, որ «ՀայՌուսգազարդը» պարտավորված չէ վնասը փոխհատուցել:
Մինչդեռ գործարարը պնդում է. «Իմ պահանջն այն է, որ քանի որ պատճառել են ինձ վնասներ, այսօր յոթ տարի զրկված եմ իմ սեփականության իրավունքից, ինձ փոխհատուցեն: 45 միլիոն դրամի վնաս պետք է հատուցեն ինձ՝ ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, այնուհետև երկրորդ դատական նիստի արդյունքում որոշվել է, որ 44 միլիոն դրամի վնաս պետք է փոխհատուցվեր»:
Կարդացեք նաև
Aravot.am –ը այս գործի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանից: Նա փոխանցեց հետևյալը. «ՀայՌուսգազարդ» ընկերության գործողությունները օրինական են, ինչի վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բոլոր հիմքերը: Գազամատակարարումը դադարեցվել է պարտքի պատճառով, որի բռնազանցման վերաբերյալ առկա է օրինական, ուժի մեջ մտած դատական ակտ: Որպես անբարեխիղճ բաժանորդ`Սամվել Հարությունյանին առաջարկվել է վճարել կանխավճար, որը բխում է կողմերի միջև կնքած` «Բնական գազի մատակարար ոչ կենցաղային բաժանորդ» պայմանագրի դրույթներից»:
Մեր հարցին` ինչպես է «ՀայՌուսգազարդը» վերաբերվում Սամվել Հարությունյանի պահանջին, Շուշան Սարդարյանն այսպես արձագանքեց. «Եթե կասկածի տակ է դնում նաև դատավճիռը, թող դիմի դատական ատյաններին, այստեղ ես մեկնաբանություններ չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ