Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. Անապահով երիտասարդության հաշվին կունենաք ապահով ծերություն (Տեսանյութ)

Փետրվար 13,2014 15:41

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի խփել մարդկանց գրպանին, դա մարդկանց համար է, այս դեպքում պետք է ասել, որ պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել: Մենք դա արել ենք նրա համար, որպեսզի մեր երիտասարդները ապահով ծերություն ունենան»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպես ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործընթացը ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Պրն Հակոբյանը պնդում է, որ Հայաստանն ունի լուրջ կենսաթոշակային խնդիր, որը գալիս է շատ վաղուց. «Ինչպե՞ս կարելի է այսօրվա 40.000 դրամ միջին թոշակով ապրել: Մենք անում ենք դա, որ վաղը մեր քաղաքացին այդ միջին կենսաթոշակով չապրի: Որպեսզի նա խնայի իր գումարները՝ մի մասը պետության միջոցով, մյուս մասն էլ՝ ինքն իր աշխատանքի շնորհիվ»:

Երկրի իշխանությունների հանդեպ անվստահության մասին խոսելիս՝ պրն Հակոբյանն ասաց. «Ինչի,՞ այսօրվա վարչապետը, Հանրապետական կուսակցությունն առաջիկա 40-50 տարիներին լինելու են իշխանության գլո՞ւխ: Երբ ռեֆորմը կայանա, յուրաքանչյուր քաղաքացի կդառնա ինքը իր սեփական գումարները վերահսկելու միակ մեխանիզմը, ամեն օր համակարգչի առջեւ կարողանա տնօրինել իր գումարը: Այդ ժամանակ էլ հենց կպայքարեք տվյալ վարչապետի, նախագահի կամ իշխող կուսակցության դեմ, եթե էլի ունենաք բողոքներ»:

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի դրական կողմերից՝ պրն Հակոբյանը վստահեցրեց, որ համակարգը գործելուց հետո հնարավոր կլինի գումարներ ներդնել մեր երկրում, նոր աշխատատեղեր կբացվեն, նոր հարկեր կվճարվեն, որոնք կբերեն պետական կենսաթոշակի ավելացմանը եւ տնտեսության զարգացմանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե որեւէ մեկը մահանա 40 տարեկանում, ապա ո՞վ կտնօրինի տվյալ անձի գումարները, պրն Հակոբյանը պատասխանեց, որ գումարները օրենքով ամրագրված են եւ հանդիսանում են մարդկանց սեփականությունը. «Կարող եք փոխանցել ձեր երեխայի կամ որեւէ հարազատի հաշվին: Կուտակած գումարը հնարավոր չի լինել վերցնել, եթե միայն կյանքին սպառնացող վտանգ չկա: Գումարի նպատակը միայն կենսաթոշակն է»:

Հարցադրումներից մեկի ժամանակ, թե արդյոք անապահով երիտասարդության հաշվին մենք ունենալու ենք ապահով ծերություն, պրն Հակոբյանը չժխտեց՝ ասելով. «Դուք եք ստեղծում ձեր ապահով ապագան, այո՛, անապահով երիտասարդությունը կբերի ապահով ծերության»:

Պրն Հակոբյանը վերջում նշեց, որ ինքն էլ անպայման միանալու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. «Կարող եք նայել Ազգային ժողովի հաշվապահությունում, փաստաթղթերն արդեն կան»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728