Լրահոս
Օրվա լրահոսը

Դ. Դումանյան. «Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»

Փետրվար 13,2014 14:28

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների` լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ:

Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաև հաշվետվությունների նոր ձևաչափ` միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որոնք իրականացվում են` ուսումնասիրելով այլ երկրների փորձը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին` ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխատանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարևորեց նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։
«Այսօր ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները և վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք և սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի` Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ։ Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետևողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման և շատ այլ միջոցառումների արդյունք է։

2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»,-ասաց նախարարը։ Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաև այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։

«Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման գործում։ Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձևավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։ Այնպես որ, ձեր առջև դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց և առանց որևէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։ Իմ պահանջն է` աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին»,-ամփոփեց նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728