Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Հիվանդ երևակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը ես թույլ տվեցի, որ մնա համակարգում»

Փետրվար 13,2014 14:23

«Սա կապված է ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի անցկացրած վերջին խորհրդակցության հետ, որտեղ ասել է, որ բավական է, չորս կողմից մամուլը հարձակվում է ինչո՞ւ եք բերաններդ ջուր լցրել ու նստել, բերեք ջախջախեք»,- Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով ԱԱԾ աշխատակիցների տարածած հայտարարությանը, որտեղ պարոն Եղիազարյանի մասին փաստեր են բացահայտվում, այսպես պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը:

Ու շարունակեց. «Մարդ կա, որ քո դեմ մի բան վատ է խոսում, դա քեզ միայն պատիվ է բերում: Երաժշտական գործիք կա, որ քո դեմ ինֆորմացիոն արշավ է կազմակերպում, քեզ պատիվ է բերում: Այդ հարվածային գործիքը եթե քեզ դեմ է, ուրեմն դու կողմ ես ՀՀ-ին: Ես ասել եմ, թե մեր երկրում անվտանգություն գոյություն չունի, քանի որ տասը տարի շարունակ «գորշ գայլը» գալիս գնում է Հայաստան:

Կամ այն, որ մեկ տոննա հերոին է գալիս ՀՀ, որ գնա: Տարօրինակն այն է, որ դա ոչ թե պաշտպանված էր, այլ բարակ տախտակի հետևում էր դրված, ամեն մեկը երկու միլիոն դոլար արժե: Հիմա սրա տակից դուրս գալ է պետք, ուստի պիտի այնպես հարվածել, որ ասածները լինեն առոչինչ»:

Հետևություն անելով՝ պարոն Եղիազարյանը նշում է, թե «լավ կլիներ, որ սրա տակ երկու ստորագրություն լիներ»:

Այնուհետև կետ առ կետ անդրադարձավ հայտարարության մեջ նշված դիտարկումներին:

Տարածված հայտարարության մեջ նշված է, թե «Գուրգեն Եղիազարյանն այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին»:

Պարոն Եղիազարյանը պարզաբանեց. «Վլադիմիր Սարգսյանը, իմ լավ ընկերը, ցավոք մահացել է, և չի կարող ասել, որ նման բան չի եղել»:

Գուրգեն Եղիազարյանը հայտարարությունը համարում է «ստորաբար, միտումնավոր կեղծիքների մի ամբողջ շարան»:

Gorik Hakobyan

Նույն հայտարարության մեջ Գուրգեն Եղիազարյանին տրված է «հիվանդ երևակայություն» բնորոշումը: Ի պատասխան նա նշեց. «Հիվանդ երևակայության արդյունքում Գորիկի պես միջակությանը ես թույլ տվեցի, նույնիսկ միջնորդեցի, որ մնա համակարգում: Սրա հետ համաձայն եմ: Եթե խնդիրներ առաջացան իմ անփառունակ գործունեության պատճառով, այդ ինչպե՞ս եղավ, որ իմ գնալուց երկու ամիս հետո Գորիկը գեներալի կոչում ստացավ, չէ՞ որ այդպես նկարագրված համակարգը լրիվ պիտի քանդված լիներ»:

Հայտարարությունում նշված է, որ «Գուրգեն Եղիազարյանը գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին և ննջում բազկաթոռին»: Սա պարոն Եղիազարյանը «էշություն համար երկրորդ» համարեց:

Նշվում է նաև, թե «Գուրգեն Եղիազարյանը սկսել է կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը»:

Այս մասին Եղիազարյանն ասաց. «Նեոբոլշևիկյան այս անոնիմշչիկները1994-ից 1995-ի հուլիսի 16-ը, եթե բերեն գոնե մեկ կեղծ կոնյակի կամ բենզինի օրինակ, կամ մեկ գործարարի անուն ազգանուն, որ այդ թվականներին եղել է իմ առանձնասենյակում, Գորիկը կարող է արխիվից հանել, ես ձեր թերթի միջոցով ներողություն կխնդրեմ և կստորագրեմ այս ամենի տակ»:

Իր՝ գուշակ կնոջ հետ կապի մասին, Գուրգեն Եղիազարյանն այսպիսի պարզաբանում տվեց. «1994-ին ինձ մոտ իրոք պայծառատես մի կին է եղել, որը տեղեկություններ է հայտնել ատոմակայանի մասին: Նա ասել է, որ ատոմակայանի ռադիոակտիվ ջուրը իջել է երկրաշարժի արդյունքում, պետք է ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ կճառագայթվեն: Ինձ հայտնի է, որ աշխարհի խոշոր երկրները հատուկ ծառայությունները պայծառատեսների խումբ, բաժիններ ու վարչություն ունեն: Այդ կինը նշեց նաև ատոմակայանի բացման օրն ու ժամը: Դիմակը պատռելու համար բավարար է պարզել, թե ով է 1994 թվականին եղել ատոմէներգովարչության պետը: Այս կնոջը լսելուց հետո Գորիկին ասել եմ բեր այդ վարչության պետին: Նա եկավ, լսեց այդ կնոջը, հետո գնաց ստուգեց ու ասաց, որ ասածները մեկ առ մեկ հաստատվել են: Ատոմակայան գնալուց հետո զանգեց ինձ ասաց, թե այդ կնոջը պահեք, կինն արդեն գնացել էր, Գորիկ Հակոբյան կոչվածին ասել եմ, որ գտիր այդ կնոջը բեր»:

Իր՝ տիեզերական ուժերի հետ կապը պարոն Եղիազարյանը «բացարձակ տխմարության բնագավառից» համարեց ու նշեց. «Հավանական է՝ իր տատիկն է զբաղվում այս ուժերով»:

Անվայել վարքագծի մասին հնչած հայտարարություններին Գուրգեն Եղիազարյանն այսպես է պատասխանում. «Այդ մասին նա կարող էր խոսել 1996-1998 թվականին, տասնվեց տարի շարունակ, բայց երկու անգամ է խոսել: Մեկը, երբ ասացի, որ ինքը փախել է, որի արդյունքում ես հրաժարական եմ տվել»:

Հայտարարությունում հնչած այն տեսակետի մասին, թե «Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է և չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից` ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում», Գուրգեն Եղիազարյանը փոխանցեց հետևյալը. «Այն ժամանակ «Դրոյի գործով» էինք աշխատում, որ հատուկ չվերթ էին բացել թմրանյութ առաքողները: Ես ասել եմ, որ Գորիկը չի տարբերում ինչ է հերոինը, ասում էր, թե երբևէ չենք զբաղվել դրանով: Ինքը հերոինին ասում էր պլան: Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակին, ապա ես ոչ սթափ վիճակում ընդհանրապես չեմ լինում, նախ քիչ եմ օգտագործում ոգելից խմիչք, ու եթե նույնիսկ օգտագործում էլ եմ, իրենցից սթափ եմ լինում: Իսկ միլիցիոներն էլ իր հոպարն է, ես միլիցիայի գնդապետ եմ եկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728